Երթուղային տաքսիներում գտնվելու մի ինչ-որ 15-20 րոպեների ընթացքում հասցնում ես ամբողջ օրվա բացասական էմոցիաների պաշար հավաքել... Սկսվում է ամենը վարորդների դժգոհ տրամադրվածությունից, երբ ինչպես էլ փակես դուռը, միևնույն է, կամ շատ ուժեղ էր, կամ այնքան կամաց, որ ստիպված ես «հազար անգամ» նորից ու նորից բացել-փակել, բացել-փակել, մինչև որ նա ինքն իրեն կորոշի, որ արդեն բավական է, ու կքշի... դու էլ ամինայն հավանականությամբ վայրէջք կկատարես մոտակա ուղևորի գիրկը: Եւ այս վայրէջքները, միմյանց տեղ տալը, միմյանց պայուսակ բռնելը, ձեռք բռնելը, որ չընկնեն, ապակու վրա «ՀՀ առողջապահության նախարարությունը զգուշացնում է...» հայտարարությունը կարդալուն զուգընթաց վարորդի ծխախոտի «անուշ բուրմունքը» շնչելն այնքան սովորական են դարձել, որ այլևս չենք էլ նկատում:
Հերթական անգամ երթուղային տաքսու մեջ նստած ակամա լսեցի դիմացի երկու կանանց զրույցը. «Մինչև հարուստ հորեղբայր չունենաս, լավ աշխատանք չես գտնի»...
Անկախ ինձանից սկսեցի գնահատել շանսերս: Ես ոչ թե հարուստ հորեղբայր, ես անգամ սովորական հորեղբայր չունեի :)
Նայեցի պատուհանից դուրս, անձրև էր գալիս` ձմեռ է... Ինչ-որ Ճռճռոց, անդուր ծխի հոտ, փախցրեցի հայացքս թաց մայթերից... «Պահանջեք վարորդից, որպեսզի նա չծխի և չվտանգի...» Ինչ-որ մեկը ապարդյուն փորձում էր վերջապես փակել երթուղային տաքսու դուռը, իսկ վարորդը շարունակ կրկնում էր. «Քուրիկ ջան, մի քիչ կամաց...»: Այդ ամբողջ ընթացքում, ՀՀ առողջապահության նախարարությունն անվերջ զգուշացնում էր ու զգուշացնում, իսկ դիմացիս կանայք շարունակ բողոքում էին հորեղբայր չունենացողների դժբախտ ճակատագրից... Սկսեցի մտածել կյանքիս մասին` մի՞թե իսկապես այդքան տխուր է, առանց հարուստ հորեղբոր... Հիշեցի ծանոթներիցս մեկին` ճիշտ որ, շատ հարուստ հորեղբայր ուներ: Իրեն բազմաթիվ հարցերով օգնում էր. «լավ աշխատանք ուներ, երթուղային տաքսիներից չէր օգտվում` անձնական վարորդ ուներ, հարուստ ծնողների աղջկա հետ ամուսնացավ` լավ ընտանիք ուներ»... Հորեղբայրը մահացավ սրտային անբավարարությունից` շատ էր ծխում... երևի երբևէ երթուղային տաքսի նստած չկար, այլապես գոնե մեկ անգամ կարդացած կլիներ, որ ծխելը վնասակար է առողջությանը... Ծանոթիս աշխատանքից ազատեցին, կինը բաժանվեց, անձնական վարորդից էլ ստիպված էր հրաժարվել...
Շրջեցի հայացքս դեպի շատախոս կանայք. «Հարուստ հորեղբայր բավարար չէ... կարևորը... կարևորը ՀՀ առողջապահության նախարարության զգուշացումներին հետևելն է»...
Ասյա Կոստանյան
0 comments:
Post a Comment