Friday, July 24, 2009

Սարյանի գունավոր երկիրն ու շփացած խելագարները

Քսանմեկ տարի առաջ Երևանի Մարգարյան հիվանդանոցում ես կարծում էի, որ ծնվել եմ Սարյանի գունավոր երկրում: Ինձ թվում էր` Սևակի ափի մեջ ստեղծված երկրում ինձ մեծ ապագա է սպասվում, ու Մամիկոնյան ոգին արդեն վառվում էր իմ մեջ:

Քսանմեկ տարի առաջ ես չէի կարծում, որ 21-րդ դարի սկզբին հայ երիտասարդի զբաղմունքը կլինի 8888 կարճ համարին "MRUT" բառն ուղարկելը և մինչ պատասխան ստանալը "Պաշի շփացած խելագարություններին" հետևելը: Այն ժամանակ ես չէի մտածի, որ ծնվել եմ մի երկրում, որտեղ 21 տարի անց Պետական Համալսարանն իր ուսանողների 90%-ին կզիջի այլ ուսումնական հաստատություններին` հավատեցնելով, որ ուսանողների կրթական մակարդակի "կտրուկ անկումը" ոչ այլ ինչ է, քան "մութ ու ցուրտ" տարիներին ծնված լինելու արդյունք:
Մութ ու ցուրտ տարիներն անցել են, հիմա լուսավոր է և շոգ, բայց 20 տարի առաջ ցրտի ու մթի մեջ գիրք կարդացածների հետ կարելի է խոսել Չարենցի, Նարեկացու, Փարաջանովի նման հանճարների մասին, ուստի այժմյան "բարենպաստ" պայմանները կարծես այդքան էլ լավ չեն անդրադառնում մեր երիտասարդության մտավոր ունակությունների վրա:

Քսանմեկ տարի առաջ Երևանի Մարգարյան հիվանդանոցում ես կարծում էի, որ ծնվել եմ Սարյանի գունավոր երկրում: Ինձ թվում էր` Սևակի ափի մեջ ստեղծված երկրում ինձ մեծ ապագա է սպասվում, ու Մամիկոնյան ոգին արդեն վառվում էր իմ մեջ: Եվ եթե իմ պատկերացրած երկիրն ընդամենը մի ինչ-որ 21 տարիների ընթացքում հասցրեց այսքան հեռվանալ իմ սպասելիքներից, ես երկար կմտածեմ, նախքան երկրորդ անգամ իմ կյանքում ծննդատուն այցելելը:


Ասյա Կոստանյան

Saturday, July 11, 2009

Մեղավոր աշխարհի անմեղ-մեղավորներ

Երբ երկրի վրա մարել են արեւները եւ երկնքում չկան աղավնիներ... ինչու՞ են մարդիկ փնտրում մեղավորներ: Որովհետեւ ավելի հեշտ է հավատալը, որ բոլոր տանջանքների ու աղետների մեղավորը մեկ ուրի՞շն է... բայց մի՞թե այդ տանջանքների միջով անցնելիս ընդունակ ես մտածել, թե ով է իրականում մեղավորը, եւ կամ արդյո՞ք դա կարեւոր է... եթե միայն մեղավորները կարողանային ինչ-որ բան փոխել...

Երբ սիրելիի աչքերում մարում է կրակը եւ ամենաթանկագին մաշկի բուրմունքն այլեւս չի նվիրում սեր... ինչու՞ են մարդիկ փնտրում մեղավորներ: Որովհետեւ այնքան անթերի են, որ առանց չար ուժերի ընդունա՞կ չեն դավաճանելու իրենք իրենց` իրենց սիրուն ու երազանքներին: Որովհետեւ մարդկանց հոգին այնքան մաքուր է, որ առանց կողմնակի բացասական ազդեցության չի՞ կարող մեկին, ում իր հոգի էր անվանել դուրս շպրտել իր սրտից... Ո՞վ է մեղավոր... Ախ, եթե միայն այդ մեղավորը կարողանար ինչ-որ բան փոխել...

Երբ սիրած ու փայփայած ծաղիկները հանկարծ մի օր թոշնում են եւ իրենց սնող հողին մնում են միայն դիակներ... ինչու՞ է հողը փնտրում մեղավորներ: Որովհետեւ դժվա՞ր է ընդունելը, որ ինքն է իր երբեմնի անուշադրությամբ պատճառ հանդիսացել իր իսկ դժբախտության:

Երբ վերջանում է նկարչի վերջին կաթիլ ներկը եւ թղթի ճերմակ մաշկը գունազարդվում է արյան կարմիրով, ինչո՞վ է թուղթը մեղավոր, որ մարդ արարածը այլ տարբերակ չի գտել արտահայտելու եւ ազատվելու իր ցավից, բացի մեկ այլ ցավ ստեղծելը: Եւ ո՞վ է այստեղ ում մեղադրում` թուղթը նկարչի՞ն, նկարիչն իր բախտի՞ն, թե… բախտը նկարչի՞ն: Գուցե այս արյունոտ ձեռքե՞րն են ամեն ինչում մեղավոր... Մեղավոր աշխարհի մեղավոր արյունով շաղախված այս անօգնական ձեռքերը…
Ախ... եթե միայն այս ձեռքերը կարողանային գոնե ինչ-որ բան փոխել...


Ասյա Կոստանյան

Իմ հարազա˜տ գյուղ` ի˜մ Երևան

Ո˜չ, մեր գյուղում կովեր չեն արածում, թեև դեռ մի քանի տարի առաջ Երևանի Թումանյանի այգում կարելի էր տեսնել իրենց կովերին արածեցնող հովիվների: Այժմ մեր գյուղում կովերի փոխարեն մերսեդեսներ են, որոնց վարորդներն էլ` նախկին գյուղերի նույն հովիվները:
Ո˜չ, մեր գյուղում ոչխարներ չկան, դրանց փոխարեն իրենց տերերի բարգավաճության հույսին ապրող շներ են` գամփռներից մինչև փոքրիկ շնիկներ, որոնց վզկապներն իրենց տերերի` նախկին գյուղացիների, մեկ տարվա ապրուստից էլ թանկ արժեն:
Ո˜չ, մեր գյուղացիները հիմա գոմերում նախաճաշ չեն անում, փոխարենը գնում են «Ջազվե», որովհետև այնտեղ «մասսա»-ն ուրիշ է` «կարգին» է, որովհետև հարևան գյուղացիների մոտ ինչպե՞ս կլինի թե չասեն. «Էն օրը Ջազվեում նստած էինք...»:
Ո˜չ, մեր գյուղի տղամարդիկ արդեն վաղուց է, ինչ քրքրված տրեխներ չեն կրում: Փոխարենը` նորաձև պլպլան ծիծակ-կոշիկներ:
Ո˜չ, մեր գյուղացիներն էշերի վրա գյուղի մի հատվածից մյուսը քարշ չեն գալիս` գյուղի վերջին լուրերը փոխանցելու կամ էլ ստանալու համար: Փոխարենը` զանգում են բջջայիններից: Իսկ մեր գյուղի ամենաթեժ նորությունները ոչ թե բերքի ցրտահարումն է, այլ` «բա քո հեռախոսը BlueTooth ունի՞» կամ «բա քո պապան ի՞նչ գործ ա անում որ...»:
Ո˜չ, մեր գյուղի կանայք պատառոտված ու հնաոճ լաթեր չեն կրում` փոխարենը ճչացող կանաչ ու դեղին ատլասե «էլիտար» հագուստներ, որոնց նպատակը մարմնի ամենաճարպակալած ու յուղոտ հատվածները մերկացնելն է:
Չէ˜, իմ հարազատ Երևան, քո գյուղացիների երեխաները հիմա բակում բադերի հետ խաղ չեն անում, փոխարենը գնում են ինտերնետ ակումբներ, գրավատներ, կամ էլ «պոյեզդի գծերի վրա» միմյանց հետ հարցեր պարզելու:
Այո˜, մեր գյուղը շատ է զարգացել, հիմա մեր կանայք գեղեցկության սրահները նախընտրում են աշխատանքին, «ժուռնալները»` գրքերին, իսկ ֆինանսական ապահովությունը` սիրուն: Մեր գյուղապետերն ապրում են էլիտար Հյուսիսային Պողոտայի ամենաէլիտար բնակարաններում` մեկ ժամվա համար վճարելով ավելին, քան հասարակ գյուղացու ամսեկան ապրուստի ծախսն է:
Մեր գյուղապետերն այցելում են ամենաէլիտար ռեստորաններն ու բարերը, եւ իրենց «քաղաքացի» զգում...


Ա˜խ, Հայաստա՛ն աշխարհ, անգամ մայրաքաղաքդ քաղաք չէ, ուզում ես երկիրդ երկի՞ր լինի:

Ասյա Կոստանյան

Նրա համն ու հոտը

Նրա հոգուց խոնավության հոտ է գալիս ու արտահայտվում աչքերի մեջ: Իր հոգուց դատարկության անհատակ հոտ է գալիս... նա զգում է: Հետաքրքիր է` միթե՞ աշխարհը չի զգում: Նրա աչքերը սովորել են ամեն բան ջրի միջով տեսնել, ուզում է հավատալ, որ ծովաջրի... այդպես ավելի գեղեցիկ է` առավել ևս, որ այդ ջուրը նույն աղիությունն ունի: Իր սիրտն օդի գույն է ստացել` օդի նույն անգույնությունը... ուզում է գոնե հավատալ, որ մաքուր լեռնային օդի` այդպես ավելի ազատ է ստացվում շնչելը:

Ամեն բան կարծես այդքան էլ վատ չէ` ոչ ծովի ծփծփան ջրերն ու ոչ էլ լեռնային թափանցիկ օդը, բայց այդ խոնավության հոտն առնելը խեղդվելու չափ անտանելի է դարձել: Գուցե՞ նրանից է, որ անգույնությունը կարմիրի հետ այդքան էլ լավ չի խոսում` այս երկու գույների միջև չափից դուրս շատ է կոնտրաստը: Եթե գոնե մի փոքր ավելի նկատելի տարբերություն լիներ ծովաջրի ու իր արցունքների աղայնության աստիճանի միջև... Իր շրթունքներից աղի համ է գալիս: Միթե՞ աշխարհը չի զգում...

--------------------------------------------------------
Բոլոր նրանց, ում զգացմունքների վրա ուշադրություն դարձնելու ժամանակ ու ցանկություն չունի ոչ ոք` անգամ աշխարհը:

Ասյա Կոստանյան

Բարի ախորժակ

Մարդը կշտանալ չգիտի՞: Գիտի՜... Պարզապես կշտանալուց հետո էլ ուտելը չի դադարում, ավելին` շարունակում է ավելի մեծ եռանդով, ոգեւորությամբ` ինքն իրեն հավատեցնելով, որ վաղուց է, ինչ այսքան սոված չէր եղել: Եւ օրգանիզմը սովորում է անվերջ խժռել ամեն բան, որ ուտելի է, որ հնարավոր է մարսել, իսկ հետո` նույնիսկ այն ամենը, ինչ մարսելու էլ ընդունակ չէ, իսկ դրանից հետո էլ, չնկատելով կերակրատեսակի "չնչին" փոփոխությունները, սկսում է կլանել ամենքին, ավելի ու ավելի սովածանալով, չնկատելով գիրանալու ակնհայտ գործընթացը` դժգոհել հիվանդագին նիհարության ու հյուծվածության հետեւանքներից, որոնք ըստ ամենայնի "ստամոքսի վատ աշխատանքի պատճառ են": Մարսողական համակարգի խանգարու՞մ:
Գուցե մարդու օրգանիզմը ոչ ամեն ինչ է կարող ընդունել, ու ցավոք... մենք ինքներս էլ չենք նկատում թե ինչքան կեղտոտ բեռ ենք երբեմն վերցնում մեր ուսերին, ու ուզում ենք մարսել` հույս ունենալով, որ բոլոր արգասիքներն իրենց բնական ճանապարհով կլքեն մեզ... Երեւի այդպես էլ կա, բայց ինչու՞ ինչ-որ բան գիշերը հանգիստ քնել չի տալիս: Կրկին ստամոքսային խնդիրներ...

Գուցե միակ կշտանալու ճանապարհն ամենն ու ամենին խժռե՞լն է: Գուցե երբ այլեւս ոչինչ ու ոչ ոք չմնա, մարդու օրգանիզմը անելանելիությունից կհանգստանա՞:

Բայց երբ տիեզերքը կկլանի ու կհալեցնի իր մեջ մարդկության վերջին մնացորդները` ու՞մ հետաքրքիր կլինի թե ով եւ ինչքան հասցրեց ուտել: Եւ մի՞թե այս ամենի վերջը չափազանց անիմաստ չէ` ստամոքսը հերթական անգամ ծանրաբեռնելու համար...

Ասյա Կոստանյան

Բարև, ես եմ

Հաճախ մեզանից շատերի մոտ ցանկություն է առաջանում ամուր սեղմել մի ինչ-որ հարազատ դռան բռնակ, քայլել մի ինչ-որ հարազատ սենյակի խոնավությունից ճռճռացող հատակով ու ասել "Բարև, ես եմ: Քո կարիքն ունեմ:"
Այնքան հաճախ մեզանից շատ շատերի մոտ մի անզուսպ ցանկություն է առաջանում վերցնել հեռախոսի փողը, մատների ավտոմատ շարժումներով հավաքել մի ինչ-որ հարազատ, արդեն ենթագիտակցաբար անգիր արված համար ու ասել "Բարև, ես եմ: Քո կարիքն ունեմ:"
Ու՞մ դիմել, եթե չկա հարազատ դուռ, եթե չկան անգիր արված համարներ, եթե չկա ոչ ոք, բացի մանկատան գուցե վերանորոգված, բայց նույն սառն ու դատարկ պատերից:
Ու՞մ դիմել, ու՞մ ասել պարզապես "Բարև, ես եմ:"

Ես կարող եմ լինել մեկը, ում նրանք կարող են դիմել: Ես կարող եմ հորինել հարազատ մի դուռ, որը միշտ սպասում է, որպեսզի նրանք բացեն այն: Ես կարող եմ հորինել մի սենյակ, որի խոնավությունից ճռճռացող հատակով նրանք հանգիստ կարող են քայլել ու... ու պարզապես ասել "Բարև, ես եմ:" Ես կարող եմ լսել նրանց, ես կարող եմ բարևին բարև տալ: Եվ մի՞թե դա դժվար է: Դու նույնպես կարող ես: Մենք բոլորս կարող ենք հորինել ինչ-որ մեկի համար այնքան հարազատ ու սպասված մի դուռ, մի սենյակ, մի հատակ, մի կյանք, մի ապագա...
Մենք կարող ենք օգնել նրանց հորինել և կառուցել իրենց երջանիկ ապագան: Մենք կարող ենք լինել մեկը, ում մանկատան սպիտակ պատերից այն կողմ ինչ-որ մեկի բարակ ու անօգնական ձայնը կարող է ասել "Բարև, ես եմ: Քո կարիքն ունեմ:"

Ասյա Կոստանյան

Անձնագրային բաժին կամ չգրված օրենքներ

ՀՀ մայրաքաղաք Երևան քաղաքի Աջափնյակ համայնքի անձնագրային բաժնի երկար, մութ ու հնացած միջանցքը տանում է դեպի նույնպիսի մի սենյակ, որի աշխատողները նույնիսկ ավելի "մութ ու հնացած են" քան սենյակն ինքը:

Բայց նրանք այդ չգիտեն:

Հակառակը, նրանց կարծիքով իրենց դիմաց կանգնած կոկիկ ու կուլտուրական մարդիկ են մի քանի աստիճան ցածր սոցիալական, մարդկային, մտավոր և էլի շատ ու շատ հատկանիշներով: Ուստի նրանք կարող են առանց դժգոհելու սպասել, մինչև իրենք կգտնեն "Այսիչյան Այնինչի" հնությունից դեղնած թղթակույտի մեջ մոլորված անձնական գործերը: Այս մարդիկ իհարկե համբերատար կսպասեն, մինչև Աջափնյակ համայնքի անձնագրային բաժնի մութ ու հնացած սենյակներից մեկի երկու կին աշխատողները նույնպիսի համբերատարությամբ, առանց շտապելու(ու՞ր շտապել, գործի դիմաց ստանում են նույն կայուն եկամուտը, շտապեցնող չկա, գործերի ընթացքին հետևողներ նույնպես) հատիկ-հատիկ կվերանայեն հսկայական թղթակույտի ամեն մի հատիկ թուղթը: Մինչդեռ հաճախորդները ստիպված կլինեն կանգնել ու սպասել, քանի որ Աջափնյակ համայնքի անձնագրային բաժնի բյուջեն թույլ չի տալիս սենյակում մեկից ավել աթոռ տեղադրել:

-Ալո, շե՞ֆ: Չէ շեֆ ջան "Այսիչյան Այնինչ" չունենք ցավդ տանեմ: Չկա:
-Վայ, Լառա, էս բլանկից մի հատ ա մնացել: Դե հարգելիներս, ձեզ քսեռոքսի չուղարկեմ...(և որքան հմտացած են նրանք կաշառք ստանալու ակնկալիքով ձևական ու անտեղի "լավություն ձևակերպելուն": Երևի ՀՀ օրենսգրքի մի ինչ-որ մեզ անծանոթ կետում այնուամենայնիվ նշված է, որ հաճախորդն ինքը պետք է հոգա բոլոր անհրաժեշտ բլանկների պատճենահանման կարիքները)... մի քիչ սպասեք մինչև բլանկը բերեն:

...

-Վերջ, այսքանով վերջացրեցինք:

Եւ երբ ճռճռացող դուռն արդեն պատրաստվում է բացվել ու հոգնած, նյարդայնացած հաճախորդնեն ուր որ է հանգիստ շունչ կքաշեն...
- Միայն թե մի փոքր վճարում կատարեք, քանի որ ես այս բոլոր բլանկները գնում եմ...(Աստված իմ, այդ ո՞ր օրվանից է պետական կառույցի աշխատողն ինքն իր գրպանից գումար ծախսում բլանկ գնելու վրա...)
-Այո, իհարկե, իսկ... որքա՞ն պետք է վճարենք:
-Դե... որքան որ ցանկանում եք(Հայոց ժողովուրդ, մենք ապրում ենք դրախտում` ինքներս էլ չգիտակցելով այդ: Մենք կարող ենք ինքներս որոշել գնվելիք ապրանքի գինը և վճարել դրա դիմաց "որքան ցանկանում ենք": Միայն թե արդյո՞ք ավելի նախընտրելի չէ ապրանքի դիմաց վճարել շուկայական գներով, և ոչ թե օրինակ մեր իսկ ցանկությամբ 3000-5000 դրամ մի քանի հնությունից դեղնած բլանկների, տանելի մակարդակից անհամեմատ ցածր սպասարկման և թանկարժեք ժամանակի անտեղի կորստի համար):

Ասյա Կոստանյան

Ես էլ` մարդ

Մարդիկ ցնցուղ են ընդունում` հուսալով, որ ջուրը երկրի ընդերքը կտանի ու կկորցնի իրենց ցավերը: Ես էլ մարդկանց պես... Ու քանի դեռ չի լռել հոսող ջրի ձայնը, քանի դեռ մաշկի վրա զգացվում են կաթիլների անխնա հարվածները, քանի դեռ շնչում են ջրի գոլորշին ու արտաշնչում իրենց տանջող մտքերով ողողված ածխաթթու գազ, մարդկանց թվում է`ոչինչ չի եղել, ամեն բան անցյալում է, ամեն բան գնաց... մոռացվեց... հեռացավ... Ու մարդիկ բարձրացնում են գլուխը, փակում են աչքերը, ու սպասում... սպասում են մինչեւ ջրի վերջին կաթիլը կընկնի երկնքից իրենց երեսին, կտանի իր հետ վերջին մնացած հոգեւոր կեղտը... հետո բացում են աչքերն ու քայլում, քայլում` ...թողնելով իրենց հետքերով ջրի կողմից գրվող պատմությունները: Ջուրը գրում է իրենց ցավերն ու տանջանքները, գրում է իրենց կյանքը, գրում ու բերում իրենց հետեւից, բերում է մինչեւ կրունկների ամենածայրն ու բարձրացնում ամբողջ մարմնով վերեւ, մինչեւ մի քանի րոպե առաջ փակ ու երջանիկ աչքերը... ու լցվում աչքերի մեջ... ու մարդիկ նայում են հայելու մեջ, նայում իրենց աչքերի մեջ ու հասկանում են... որ ամեն բան նույնն է, ոչինչ էլ չի փոխվել, ոչինչ անցյալում չէ, ամեն բան մնաց իր տեղում... չմոռացվեց... չհեռացավ...
Այդ ժամանակ չէ՞, որ մարդիկ մարդ լինել չեն ուզում... երբ բույս լինելն ավելի երանելի է թվում քան մարդ արարած լինելը... կամ էլ պարզապես ոչինչ էլ չլինելը, ուղակի չլինելը...
Մարդիկ խեխղդվում են իրենց մտքերի ու մազերից վար թափվող ջրի մեջ... ու ոչինչ չեն անում: Մարդիկ անխուսափելիությունից վերջիվերջո սառում են, քարանում, մտքերով նետվում մի ինչ-որ հեռու տեղ` ուր արդեն եղել են շատ անգամներ, ուր ամեն բան կրկին նույնն է, ուր կրկին ոչինչ էլ չի փոխվել... ու ես... ես էլ կրկին մարդկանց պես...
Ու մենք բոլորս անում ենք նույնը, զգում ենք նույնը, ու ոչինչ դրա հետ անել չենք կարող: Այս ամենն ունի մեկ պարզ բացատրություն` մեզ ստեղծել են այսքան տարբեր, բայց այսքան նման միմյանց, այսքան հզոր ու այսքան խղճուկ... մեզ ստեղծել են չգիտես ինչպես եւ որն ավելի կարեւոր է` չգիտես թե ինչու: Ու թվում է` քանի դեռ մենք չգիտենք այս անսահման հարցերի պատասխանները, մենք շարունակելու ենք անվերջ նայել վերեւ, փակել աչքերն ու խեղդվել մեր մազերից վար հոսող ջրի կաթիլների մեջ...

Ասյա Կոստանյան