Friday, April 1, 2011

Ինչ-որ մեկ ուրիշն իր մեջ

Նա չէ` ինչ-որ մեկ ուրիշն իր մեջ հասկանում է այն, ինչ նա չի հասկանում, կամ չի ուզում հասկանալ: Նա 99%-ով լցված է մեկով, ում մարդիկ «օրինակելի» են կոչում, մնացաց 1%-ն ուրիշինն է: Նրա 99%-ը թելադրում է իր խաղի կանոնները, որոնք ապացույցներ չունեն: Իսկ նրան ապացույցներ պետք էլ չեն` նա բավարարվում է տաբուներով, ապացույցներ պետք են միայն այն փոքրիկ ուրիշին իր մեջ, ապացույցներ, որոնք չկան և չեն էլ կարող լինել... Այդ «նողկալի» փոքրիկ ուրիշն իր մեջ սիրում է հարցեր, նա վախենում է, որ փոքրիկ ուրիշի հետաքրքրասիրությունը մի օր կկոտրի նրան, կստիպի հրաժարվել տաբուներից ի օգուտ տրամաբանության, դրա համար էլ որքան ուժ ունի փորձում է պահել իր մեջ հավասարակշռությունը` 99%-ը 1%-ի դեմ... ճակատագրական «հաղթանակն» ակնհայտ է:

Ոչ, նա չէ` ինչ-որ մի փոքրիկ ուրիշն է իր մեջ հասկանում այն, ինչ նա բնավ երբեք էլ չի հասկանա... քանզի, ցավոք, կվախենա հասկանալ:

Friday, February 11, 2011

Գիտե՞ս ինչու է այդպես

Նայում եմ դռան դիտանցքի միջով ու դիմացի դուռն եմ տեսնում միայն... կամաց-կամաց հանդիպակաց դռան նախշերն եմ տեսնում միայն... տեսնում եմ ու չեմ հավանում... չեմ հավանում, բայց նայում եմ կրկին, գիտե՞ս ինչու է այդպես:

Ինչե̃ր ասես, որ չի կարող անել հույսը, միայն դրա հորդորանքով ես կարող եմ չշտապել տհաճություն պատճառող նախշերից ազատվել` հուսալով, որ դիմացի դռան նախշերը շուտով կփոխես, կծածկես քեզանով... իսկ ես դեռ դռան դիտանցքի միջով նայելիս կլինեմ, նայելիս կլինեմ ու դիմացի դռան փոխարեն քո դեմքը կտեսնեմ... կամաց-կամաց հանդիպակաց դռան գարշելի նախշերի փոխարեն քո դեմքը կտեսնեմ ու կհավանեմ... կհավանեմ ու կնայեմ կրկին, ու դու գիտե΄ս... գիտե՞ս ինչու է այդպես...