Monday, May 3, 2010

«Նրանք դա չեն հասկանում, այդպես չէ՞»

«Նրանք դա չեն հասկանում, այդպես չէ՞» գրքի վերլուծություն, Kathleen Kelley Reardon, Ph. D.


Շփումն աշխատավայրում. ինչպե՞ս վերացնել կանանց և տղամարդկանց միջև եղած անդունդը:

Շփման մարտահրավեր


1993-ին 50 բիզնես առաջնորդներ հավաքվեցին, որպեսզի քննարկեն մի խնդիր, որ այդպես էլ չէր լուծվում. «Շատ քիչ կանայք են հասնում կազմակերպությունների վերին շերտերին»:
Կանայք կազմում են բարձրագույն կրթություն ստացած մարդկանց կեսից ավելին, նրանք կազմում են բիզնես ոլորտում տարբեր աստիճաններ ունեցողների 45 տոկոսը: MBA ունեցողների 31 տոկոսը կանայք են: Պրոֆեսիոնալ, մենեջերական պաշտոններ ունեցողների 44 տոկոսը կանայք են: Եվ չնայած այս ամենին, ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ խոշոր ընկերությունների ղեկավար պաշտոններում կանայք կազմում են միայն 5 տոկոսից ցածր մասնաբաժին:

Ի՞նչն է հետ պահում կանանց: Կանանց մի մասը մեղադրում էր իրենց, մյուսը` տղամարդկանց: Խնդիրներն ակնհայտ էին: Դրա պատճառով կանայք ավելի հակված էին սկսել իրենց սեփական բիզնեսները, որտեղ նրանք կարող են սկսել ամենավերից: Իսկ նրանց համար, ովքեր մնում էին տարբեր կազմակերպություններում, որպես աշխատող, խնդիրները շարունակվում էին:

Ամենալայն ընդունված պատճառն, իհարկե, դիսկրիմինացիան է: Բայց կանայք սկսել են հասկանալ, որ ամենակարևոր խնդիրը ոչ ապակե տանիքն է, ոչ սեքսուալությունը, ոչ էլ թիմային սպորտի փորձի պակասը: Կա խնդիր, որ ընկած է այս ամենի հիմքում: Եվ դա այն է, որ կանայք և տղամարդիկ խոսում են տարբեր լեզուներով:

Խոսակցային և ոչ խոսակցային լեզուները, որ օգտագործում են տղամարդիկ հաճախ տարբերվում են նրանցից, որ օգտագործում են կանայք:
Տղամարդկանց և կանանց մտածելակերպի տարբերություններն արտացոլվում են նաև աշխատանքի իրականացման մեջ, մենեջմենթում, առաջնորդությունում և այլն:
Տղամարդիկ չեն սիրում պարտված լինել, հատկապես եթե նրանց հաղթողը նորեկ է, և ավելի վատ, եթե կին: Կանայք հաճախ պետք է լինել կրկնակի ավելի լավը, քան տղամարդիկ, որպեսզի համարվեն մրցունակ:

Նայենք տղամարդկանց տեսանկյունից: Կանայք համեմատաբար նոր երևույթ են բիզնեսում: Ընդունելը նրանց ներկայությունը մեկ բան է` դա է պահանջում օրենքը, սակայն ջանք թափել նրանց հասկանալու համար արդեն լրիվ այլ հարց է: Կանայք մտել են բիզնեսի աշխարհ` աշխարհ որ ստեղծվել է տղամարդու կողմից և դարեր շարունակ ղեկավարվել նրա կողմից: Կյանքում ամեն բան համեմատական է: Կանանց վարվելակերպը բիզնեսում սխալ է ընդունվում միայն այն պատճառով, որ բիզնեսի օրենքները դարեր առաջ գրել են տղամարդիկ, նրանք դեռ կազմում են մեծամասնություն այդ ոլորտում, ուստի իրենք էլ որոշում են այս կամ այն հարցի «սխալ» կամ «ճիշտ» լինելը:

Խնդիրների պատճառներից մեկն այն է, որ կազմակերպությունների մեծամասնությունը ավելի հակված են առաջնորդվելու անցյալով, քան ապագայով, այն բանով, ինչ արդեն հայտնի է, քան նրանով, թե ինչ դեռ հայտնի չէ: Օրինակ, պաշտոնը բարձրացնում են հիմնականում նախկին գործը լավ անելու համար` լավ գործ անելու պոտենցիալ ունենալու փոխարեն, բոնուսներ տալիս են, երբ արդեն կա արդյունք` ապագա լավ արդյունք ստանալուն մոտիվացնելու համար գումարներ առանձնացնելու փոխարեն:
Նորարար ընկերությունները պետք է լինեն ներդրումների վրա կենտրոնացված, ապագայի վրա կենտրոնացված:

Կանայք խոսում են ավելի էմոցիոնալ, կանանց համար զրույցի իմաստն ավելի շատ շփման մեջ է, իսկ տղամարդկանց համար` տեղեկատվության: Կանայք խոսքի մեջ օգտագործում են բազմաթիվ մանրամասնություններ, որոնք ավելորդություն են համարվում տղամարդկանց համար: Այս ամենը դժվարացնում է տղամարդկանց և կանանց շփումը և տալիս կանանց ավելի քիչ շանսեր` առաջնորդության հասնելու համար: Էմոցիոնալ խոսքը չի ընդունվում, որպես ուժեղ, իսկ թույլ պահվածքը համարվում է առաջնորդության մակարդակից ցածր: Ի՞նչ են ընտրում շատ կանայք արդյունքում` թաքցնել իրենց էմոցիաները: Շփման խնդիրների պատճառով կանայք սկսում են խուսափել իրենց ինքնությունից, լինել այլ մարդ, քան այն, թե ինչ իրենք կան իրականում, սկսում են թաքցնել իրեն զգացմունքներն ու փոխել արտահայտվելու միջոցները: Բայց խնդիրը կայանում է նրանում, որ դա նույնպես չի աշխատում, քանի որ խոսքերն ու էմոցիաները թաքցնելով` կանայք միևնույն է փոխանցում են տղամարդկանց իրենց վերաբերմունքը` մարմնի լեզվի և այլ ոչ լեզվական ազդակների միջոցով: Գալիս է մի պահ, երբ կանայք պետք է հարցնեն իրենք իրենց` հանուն ինչի՞: Եթե բիզնեսը արժեքներ ստեղծելու համար է, ապա որտե՞ղ գնտել դրանք, եթե ոչ հենց մեր մեջ: Կանայք պետք է դարձնեն շփման մեթոդներն իրավիճակից կախված` կենտրոնանալով ոչ թե այն բանի վրա, թե ինչ են ուզում տղամարդիկ, այլ այն բանի վրա, թե ինչն է ռեալ արդյունավետ գործում ու պրոֆեսիոնալ:

75 տոկոսի օրենքը


Մեզանից յուրաքանչյուրն ամենաքիչը 75 տոկոսով պատասխանատու է այն բանի համար, թե ինչպես են մեզ վերաբերվում ուրիշները: Եթե պառկենք խալու պես, մարդիկ կքայլեն մեզ վրայով, փախչենք շնից, այն կհաչի հենց մեզ վրա: Եթե ճիշտ դնեք ձեր դիրքը, անգամ եթե ստիպված եք սկսել փոքրից, կուղարկեք համապատասխան ազդակ` «մտածեք` նախքան ինձ հետ խոսելը»: Հաճախ կանացի «ոչ»-ը չի ընդունվում որպես այդպիսին տղամարդկանց կողմից: Ինչպես բացատրում է հեղինակի տղամարդ կոլլեգաներից մեկը. «դու պետք է դարձնես քո ժխտումը սառույցի պես պարզ, սկսես մեծ, չաղլիկ ՈՉ-ից` «Ես այդքան էլ այդպես չեմ կարծում» կամ «Ինձ դա այդքան էլ դուր չի գալիս» ասելու փոխարեն”: Պարզապես ասա «Ոչ, ես դա անել չեմ կարող», կամ, եթե նախընտրում ես ավելի փափուկ ոճ, «Ուրախ կլինեի օգնել, բայց չեմ կարող, ներիր:» Ոչ մի բացատրություն, երբ դու բացատրվում ես, դու տալիս նրանց քեզ համոզելու հույս:»

Պրոբլեմների մեծ մասի հիմքում ընկած է այն, որ որ մարդիկ հակված են թերագնահատելու շփման դժվարությունները, հատկապես սեռերի միջև: Դրությունը չի լավանում, երբ կանայք ընդունում են տղամարդկանց ոճն ու մոռանում իրենց սեփականը: Երբ տղամարդը թույլ է տալիս ձեր ելույթից հետո ասել. «Քո ասածից բան չհասկացա, բայց գեղեցիկ ոտքեր ունես», դու կարող ես թույլ տալ, որ նա ասի դա նորից հաջորդ անգամ, կամ կարող ես պատասխանել այնպես, որ վստահ լինես, որ դա այլևս երբեք չի կրկնվի:

Շփումը դժվար խնդիր է: Այն կանանց համար, ովքեզ ուզում են բարձրանալ կարիերայի սանդուղքով կարևոր է հասկանալ, որ լռելու ու տղամարդկանց` իրենց իսկ խաղերում հաղթել փորձելու մեթոդները չեն աշխատում: Կանայք պետք է դարձնեն շփման մեթոդներն իրավիճակից կախված` կենտրոնանալով ոչ թե այն բանի վրա, թե ինչ են ուզում տղամարդիկ, այլ այն բանի վրա, թե ինչն է ռեալ արդյունավետ գործում ու պրոֆեսիոնալ:

Ինչու՞ են կանայք դուրս մնում շփումից. ջարդելով գաղնտիքի կոդը


Հաճախ կանայք դուրս են մնում աշխատանքային շփումից: Դա տեղի է ունենում տարբեր պատճառներով: Տղամարդիկ հաճախ քննարկում են գործնական հարցեր միայն տղամարդկանց շրջապատում` ոչ պաշտոնական հանդիպումների ժամանակ: Հետևաբար կանայք դուրս են մնում կարևոր խոսակցություններից: Նման դեպքերում կարևոր է արտահայտվելն ու խիստ կերպով դնել քո պայմանները: Շատ կանայք վախենում են խիստ խոսելուց, քանի որ չեն ուզում արժանանալ տղամարդկանց անհավանությանը: Բայց նրանք մոռանում են, որ իրենք առանց այն էլ աժանացած չեն տղամարդկանց մեծամասնության հավանությանն աշխատանքում: Երբ կինը լռում է, ու սպասում է, որ իր ղեկավարը վերաբերվի իրեն հարգանքով, նա ծախսում է թանկարժեք ժամանակը: Հակառակ սեռի հետ շփումներում կինը պետք է այնպիսի պատասխաններ տա, որոնք չեն իջեցնում իր արժեքը, չեն հաղորդում թուլություն, անվստահություն կամ կասկած: Մարդիկ իրավունք ունեն թելադրելու ուրիշների գործողությունները այնպիսի չափով, որքան որ իրենց թույլ են տալիս: Կանայք չեն արժանանա բարձր պաշտոնների, քանի դեռ նրանք չսկսեն պահել իրենց այնպես, կարծես արդեն այդ պաշտոններում են: Յուրաքանչյուր կին կարող է դառնալ փոփոխության ագենտ` իր մտածելակերպով, պահվածքով ու պայքարով: Ժամանակն է, որպեսզի կանայք սկսեն կառավարել այն, թե ինչ են իրենց ասում և ինչպես են վերաբերվում իրենց: Ժամանակն է, որպեսզի կանայք ընդգրկվեն կարևոր հավաքներում ու արժանանան բարձր պատասխանատվությամբ աշխատանքների, անկախ նրանից, թե նրանք պատրաստվում են մայր դառնալ, թե ոչ: Բոլոր տղամարդիկ գիտակցական մակարդակի վրա գիտեն, որ կանայք հավասարապես մրցունակ են, բայց նրանցից ոչ բոլորն են ընդունում դա էմոցիոնալ մակարդակի վրա: Կանայք հաճախ ընդհատվում են, նրանց չեն թողնում մինչև վերջ արտահայտել իրենց կարծիքը, լուրջ չեն ընդունվում հանդիպումների ժամանակ: Կանայք չպետք է անլուրջ վերաբերվեն նման վերաբերմունքի և գտնեն պաշտպանվելու տարբերակներ: Մի խոշոր ընկերության կին ղեկավար կիսվում է իր գաղտնիքով. «Երբ ինձ ընդհատում են, ես բարձրացնում եմ իմ ձայնը, բարձրացնում եմ ձեռքս դեպի ինձ ընդհատողը` ափով դեպի նա, ասում «ձեր հերթն էլ կգա» ու շարունակում խոսքս»: Ցույց տուր մեկ անգամ, որ չես ընդունում նման վերաբերմունք, և տղամարդիկ կսկսեն հաշվի նստել քո պայմանների հետ:

Կարծրատիպեր



Կարծրատիպերն ընկած են բազմաթիվ խնդիրների հիմքում: Ասում են` կանայք չունեն թիմային սպորտի փորձ, նրանք չեն կարող հասկանալ թիմային աշխատանքը: Կանայք չափազանց էմոցիոնալ են: Կանայք լավ առաջնորդներ չեն: Նրանցից ամենահամառների հետ գործ ունենալը գլխացավանք է: Բոլոր կանայք վտանգավոր են: Նրանք բավականաչափ նվիրված չեն աշխատանքին: Կանայք լավ չեն աշխատում այլ կանանց հետ և այլն: Եւ չնայած նրան, որ կանանց դերը բիզնեսում վերջին տարիներին անհամեմատելի փոխվել է, կարծրատիպերը մնացել են անփոփոխ: Բայց այս ամենի պատճառը միայն տղամարդիկ չեն: Պատճառը նրանում է, որ կանայք բավականաչափ ջանք չեն թափում այս կարծրատիպերը ջարդելու համար: Ի՞նչ անել: Պատասխան` ընդունել խնդիրների պատճառներն ու փորձել փոխել դրանք` դրանց զարգացմանը նպաստելու փոխարեն:

Գոյություն ունեն վաղուց ընդունված «կանացի» երևալու կանոններ: Ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել է, որ գովազդային հոլովակներում, պաստառներում կանայք հիմնականում պատկերվում են տղամարդկանցից ցածր կարգավիճակներում: Նրանք լսում են, թե ինչպես են տղամարդիկ խոսում, երեխաների պես մտնում են տղամարդկանց ձեռքը հետևի կողմից, լայն աչքերով նայում են իրենց պաշտպանող տղամարդուն և այլն: Այս բոլոր ժեստերը նկարագրվում են, որպես «կանացի»: Ներկայիս կինը փորձում է ընտրել «կանացի» և «պրոֆեսիոնալ» երևալու միջև: Տարբեր գրքեր տալիս են տարբեր խորհուրդներ: Անկախ նրանից, թե կանայք ընտրում են հրաժարվել կանացիությունից թե, հակառակը, օգտագործել այն որպես առավելություն, կանայք միշտ հայտնվում են ռազմավարություն ընտրողի կարգավիճակում, և այս միակողմանի գործընթացը ուժասպառ է արել կանանց` կարիերայում հաջողությունների հասնելու ճանապարհին: Սխալ բան չկա փոխվելու մեջ: Առանց փոխվելու հաջողության հասնելու հավանականությունը փոքր է: Յուրաքանչյուրս ի վերջո խաղում ենք մեր կյանքում: Պետք է ճիշտ խաղալ: Բայց միևնույն ժամանակ, սպասել, որ միայն կանայք պետք է փոխվեն խնդիրները լուծելու համար սխալ է:

Առաջնորդություն. ու՞մ ստանդարտներով


Առաջնորդները պետք է համոզեն մարդկանց, որ նրանք իրենց կողմն են: Առաջնորդները արդեն վաղուց ձիերի վրա նստած հերոսները չեն, որոնք կառավարում են կազմակերպությունները իրենց ստիպողականության միջոցով: Ներկայիս առաջնորդները սովորում են իրենց աշխատողների հետ միասին: Նրանք չպետք է իմանան բոլոր պատասխանները, այլ պետք է գտնեն դրանցից ամենալավերը: Կան առաջնորդության հավելյալ շատ ուրիշ նկարագրություններ, բայց դրանցից ոչ մեկում չի նշվում, որ առաջնորդը պետք է լինի տղամարդ: Կանանց և տղամարդկանց առաջնորդության ոճերը տարբերվում են: Տղամարդիկ նկարագրում են իրենց ավելի շատ, որպես տրանզակցիոն առաջնորդներ, իսկ կանայք` տրանսֆորմացիոն: Բայց ճշմարտությունն այն է, որ թե տղամարդիկ և թե կանայք պետք է փոփոխեն իրենց առաջնորդության ոճերը` կախված իրավիճակից ու կարիքից: Եւ տվյալ դեպքում նույնպես, տղամարդիկ չունեն ոչ մի առավելություն կանանց նկատմամբ: Չկա ծնված առաջնորդ հասկացություն: Առաջնորդությունն ավելի լայն հասկացություն է, քան անձնական բնավորության գծերի համախմբությունը: Թե տղամարդիկ և թե կանայք կարող են սովորել զարգացնել իրենց առաջնորդության կարողությունները: Հավելյալ խնդիրը, որ ունեն կանայք այն է, որ նրանք պետք է աշխատեն կարծրատիպերը ջարդելու և տղամարդկանց հետ շփման բարդությունները լուծելու ուղղությամբ:

Ինչպե՞ս վարվել


Կանայք հակված են խուսափելու կոնֆլիկտային իրավիճակներից, թերագնահատելու իրենց կարևորությունը այս կամ այն գործում, օգնելու ուրիշներին, լինելու ավելի մեղմ ու հանդուրժող: Այս ամենը հաճախ խանգարում է նրանց գնալ առաջ:
Եթե դուք պետք է բաց թողնեք կարևոր հանդիպում` ժողովին մասնակցելու համար, նշեք դա: Թող ղեկավարն իմանա, որ դուք զոհաբերություն եք անում` հանուն ընկերության:
Կանայք լավ չեն տարբերում այն, թե ինչ իրենց ասում են և այն, թե ինչ ի նկատի ունեն այդ ասելով: Կանանց մեծ մասը կարծում է, որ եթե ղեկավարն ասում է. «դուք կարող եք ինձ քննադատել», նա իսկապես դա նկատի ունի: Տղամարդկանց մեծ մասը գիտի, որ ասելով դա, ղեկավարը մեծամասամբ նկատի ունի, որ «դուք կարող եք քննադատել ինձ, եթե այն ինչ դուք կասեք համընկնում է իմ կարծիքի հետ»:
Կանայք կրկնակի ավելի հասանելի են, քան տղամարդիկ: Նրանք շատ հաճախ են արձագանքում աշխատանքով օգնելու խնդրանքներին: Դա իհարկե վատ չէ, բայց դուք կորցնում եք թանկարժեք ժամանակ, ու տպավորություն ստեղծում, որ բավական գործ չունեք անելու: Իսկ դա պրոֆեսիոնալ չէ: Դա իջեցնում է ձեր արժեքը:
Ամենակարևորը` այն կինը, ով ուզում է հասնել հաջողության, պետք է սովորի, թե ինչպես ասել «ՈՉ»:

Կանայք թերանում են պատվիրակելու գործում: Ոչ ոք չի կարող ամեն բան անել: Կանայք հարաբերությունները պատկերացնում են, որպես ցանց, այլ ոչ թե որպե հիերարխիա: Հիերարխիկ կառուցվածքներում իրենց անհարմար զգալը կարող է պատճառ լինել նրանց` պատվիրակելու գործում թերանալու հարցում:

Ե՞րբ խոսել, ե՞րբ հեռանալ


Մարդիկ հաճախ չեն վերաբերվի ձեզ այնպես, ինչպես դուք ուզում եք, քանի դեռ նրանք չգիտեն, որ դուք ակնկալում եք, որպեսզի նրանք այդպես վարվեն: Վիրավորական նշումները կշարունակվեն, եթե դուք չդադարեցնեք դրանք ձեր համապատասխան պահվածքով: Օրենքը մեկն է` ինչ պատահեց մեկ անգամ, կպատահի կրկին: Թողնելով, որպեսզի վիրավորական բնույթ կրող նշումները պարզապես անցնեն կողքով, դուք թողնում եք հասանելի լինելու տպավորություն: Դուք պետք է ընկալեք, որ գալիս է ժամանակ, երբ դուք կարող եք հեռանալ: Հեռանալու ձեր կարողությունը ավելի է մեծացնում ինչ-որ բան փոխելու ձեր հնարավորությունները: Եթե ձեր ղեկավարը գիտի, որ դուք կարող եք հեռանալ, եթե չստանաք համապատասխան փոփոխություններ, նա ավելի հակված է հաշվի նստելու ձեր պահանջների հետ:

Վերջաբան


Փոփոխությունը երբեք հեշտ չի տրվում` հատկապես երբ ղեկավարությունը ձեր ձեռքերում չէ: Բայց կանայք ուժեղանում են ոչ միայն այն պատճառով, որ շատանում է առաջ գնալ ցանկացող կանանց թիվը, այլ նաև այն պատճառով, որ կանայք հոգնել են սպասելուց, թե երբ իրենց կնկատեն: Աշխատող կնոջ դժվարությունները շատ են: Կլինեն նախանձող կանայք, որոնք կմեղադրեն ձեզ ընտանիքին քիչ ժամանակ տրամադրելու ու վատ մայր լինելու մեջ: Կլինեն օրեր, երբ երեխաները կգնան դպրոց թերի նախաճաշով: Բայց այս ամենն անցնում գնում է, և ձեր նպատակներն են, որ մնում են: Կլինեն ընկերություններ, որտեղի պայմանները պարզապես թույլ չեն տա ձեզ հասնելու հաջողությունների: Որքան էլ որ դուք օգտագործեք այս և այլ նմանատիպ գրքերի խորհուրդներն ու աշխատեք ձեզ վրա, կլինեն քարացած ընկերություններ, որտեղ լավ աշխատող համարվում է նա, ով գալիս է աշխատանքի առավոտյան ժամը 6-ին ու գնում` երեկոյան 6-ից հետո: Կազմակերպություններ, որտեղ շատ աշխատելը գերադասվում է լավ աշխատելուց մեծամասամբ կանանց համար չեն: Նման դեպքերում տարբերակը մեկն է` հեռանալ ու փնտրել ավելի լավ ուղիներ:

Եթե դու ոչինչ չես անում, որպեսզի փոխես այն վերաբերմունքը, որ սահմանափակում է քո ընտրության հնարավորությունները, դու գնում ես, բայց ոչ մի տեղ չես հասնում: Մյուս կողմից, եթե դու դիտարկում ես քո շփման ունակություններն ուրիշների հետ, որպես հաջողության հասնելու գրավական, որը կարիք ունի պարբերաբար կատարելագործվելու, ապա փոփոխության հասնելու հնարավորությունները քո ձեռքի տակ են:
Կան մարդիկ, ովքեր պնդում են, որ մենք այն ենք, ինչ կանք, և միայն խենթերը կարող են հանդգնել մտցնել փոփոխություններ: Բայց մենք այն ենք, ինչ մենք դառնում ենք, և միայն խենթերը կարող են թողնել ամեն բան բախտի քմահաճույքին:

Ասյա Կոստանյան