Friday, April 1, 2011

Ինչ-որ մեկ ուրիշն իր մեջ

Նա չէ` ինչ-որ մեկ ուրիշն իր մեջ հասկանում է այն, ինչ նա չի հասկանում, կամ չի ուզում հասկանալ: Նա 99%-ով լցված է մեկով, ում մարդիկ «օրինակելի» են կոչում, մնացաց 1%-ն ուրիշինն է: Նրա 99%-ը թելադրում է իր խաղի կանոնները, որոնք ապացույցներ չունեն: Իսկ նրան ապացույցներ պետք էլ չեն` նա բավարարվում է տաբուներով, ապացույցներ պետք են միայն այն փոքրիկ ուրիշին իր մեջ, ապացույցներ, որոնք չկան և չեն էլ կարող լինել... Այդ «նողկալի» փոքրիկ ուրիշն իր մեջ սիրում է հարցեր, նա վախենում է, որ փոքրիկ ուրիշի հետաքրքրասիրությունը մի օր կկոտրի նրան, կստիպի հրաժարվել տաբուներից ի օգուտ տրամաբանության, դրա համար էլ որքան ուժ ունի փորձում է պահել իր մեջ հավասարակշռությունը` 99%-ը 1%-ի դեմ... ճակատագրական «հաղթանակն» ակնհայտ է:

Ոչ, նա չէ` ինչ-որ մի փոքրիկ ուրիշն է իր մեջ հասկանում այն, ինչ նա բնավ երբեք էլ չի հասկանա... քանզի, ցավոք, կվախենա հասկանալ:

Friday, February 11, 2011

Գիտե՞ս ինչու է այդպես

Նայում եմ դռան դիտանցքի միջով ու դիմացի դուռն եմ տեսնում միայն... կամաց-կամաց հանդիպակաց դռան նախշերն եմ տեսնում միայն... տեսնում եմ ու չեմ հավանում... չեմ հավանում, բայց նայում եմ կրկին, գիտե՞ս ինչու է այդպես:

Ինչե̃ր ասես, որ չի կարող անել հույսը, միայն դրա հորդորանքով ես կարող եմ չշտապել տհաճություն պատճառող նախշերից ազատվել` հուսալով, որ դիմացի դռան նախշերը շուտով կփոխես, կծածկես քեզանով... իսկ ես դեռ դռան դիտանցքի միջով նայելիս կլինեմ, նայելիս կլինեմ ու դիմացի դռան փոխարեն քո դեմքը կտեսնեմ... կամաց-կամաց հանդիպակաց դռան գարշելի նախշերի փոխարեն քո դեմքը կտեսնեմ ու կհավանեմ... կհավանեմ ու կնայեմ կրկին, ու դու գիտե΄ս... գիտե՞ս ինչու է այդպես...

Tuesday, November 9, 2010

«Պարտքով երկիր մը հայրենի»

Եվս մի 15 այսպիսի տարի և դու, երկիր իմ, քո հերոսների հետքերով կգնաս` գերեզման: Դու քո քաղաքացիների մեծամասնության ընտանիքների արտապատկերումը լինես կարծես` հացի փող չունենալով հանդերձ պարտքով մեքենաներ ես գնում, այն էլ ինչ մեքենաներ, խանութներ ես գնում, ռեստորաններ... ամեն բան պարտքով է, անգամ դու ինքդ... բայց մինչև ե՞րբ: Եվս մի 15 այսպիսի տարի և պարտքերը վերադարձնելու ժամանակը կգա, և այն ժամանակ, երկիր իմ, մենք կգնանք այնտեղ, ուր գնում են բոլոր նրանք, ովքեր ժամանակին չեն վերադարձնում իրենց պարտքերը... մեր հերոսների հետքերով կգնանք` գերեզման:

Իսկ ես չեմ ուզում ուրիշների պարտքի դիմաց լավագույն դեպքում մեկ ուրիշին վաճառվել, ես ուրիշների պարտքերը փակելու միջոց չեմ, և ոչ էլ դու ես... ոչ էլ մեր դեռ չծնված երեխաները: Մի ինչ-որ 15 տարի անց նրանք կարող են բժիշկ կամ հիվանդ դառնալ, դատավոր կամ դատապարտյալ, մի ինչ-որ 15 տարի անց նրանք կարող են մեկ ուրիշին պարտք տվող դառնալ, կամ էլ` մեր պարտքերը փակելու միջոց: Ո՞վ է նրանց ապագան որոշողը... ես եմ... դու ես... Չեմ ուզում իմ դեռ չծնված երեխաների ուսերին քո պարտքերը բարդել, երկիր իմ... Բավական է պարտքով ապրես, հարգելիս...

Ասյա Կոստանյան

Ատում եմ «շուտով»-ը, այն այնքան ուշ-ուշ է գալիս

Ատում եմ «շուտով»-ը, այն այնքան ուշ-ուշ է գալիս... Ուշ-ուշ է գալիս, ու միշտ էլ ուշացած: Ատում եմ ամեն բան, որ հնարավոր չէ չափել: Ի՞նչ է «շուտով»-ը` ինչ-որ հորինված, երևակայելի մի երևույթ, որ խոստացողի համար միշտ էլ ավելի հեռու է, քան սպասողի... այնքան ավելի հեռու...

Ատում եմ «շուտով»-ը, այն երբեք էլ չի գալիս, այն ընդամենը ժամանակն առաջ ձգելու միջոց է, կամքի ուժն ու համբերությունը չափելու դավաճան, արհեստական միջոց... «Կամքի ուժ»>-ն ու «համբերություն»-ն էլ եմ ատում, դրանք էլ «շուտով»-ի պես ինչ-որ ամպագորգոռ արհեստական բառեր են... որ այնքա~ն ուշ-ուշ են գնում, խրվում են սրտիդ մեջ ու չեն հեռանում, չեն սպառվում, համոզում են քեզ, որ «շուտով»-ը գալու է... գալու է շուտով... դավաճաններ...

Կարոտում եմ «շուտով»-ը, այն այնքան ուշ-ուշ է գալիս...

Ասյա Կոստանյան

Friday, September 24, 2010

366 միլիմետր

366 միլիմետր սնդիկի սյուն և իմ սրճագույն աչքերն ապրում են մարդկանց կողմից «նորմալ» համարվող աշխարհում, որում ես սուրճ չեմ սիրում:
366 միլիմետր սնդիկի սյուն` մեկական միլիմետր նահանջ տարվա օրերից յուրաքանչյուրի համար և մեկ միլիմետր ավել` սովորականի: Այս տարին սովորական է` ես ունեմ մեկ միլիմետր հավելյալ սնդիկի սյուն իմ սրճագույն աչքերում: Մի ամբո~ղջ միլիմետր հավելյալ սնդիկի սյուն...
Ի՞նչ կարող է փոխել մեկ միլիմետրը... ընդամենը աշխարհը նորմալից աննորմալ դարձնել, տարին` սովորականից նահանջ... ընդամենը վերափոխել աշխարհը, որում ես սրճագույն աչքեր ունեմ և սուրճ չեմ սիրում մեկ այլ աշխարհի, որում ես կրկին սրճագույն աչքեր ունեմ և կրկին սուրճ չեմ սիրում, որում գրեթե ոչինչ էլ չի փոխվել, բացի նրանից, որ այն «աննորմալ» է:
Այս տարին իրականում ոչ մի յուրահատուկ տարի էլ չէ, պարզապես ես ունեմ մի ամբո~ղջ միլիմետր հավելյալ սնդիկի սյուն իմ համառորեն սրճագույն աչքերում... աչքեր, որոնք ապրում են մարդկանց կողմից համառորեն «նորմալ» համարվող աշխարհում... աշխարհ, որում ես համառորեն սուրճ չեմ սիրում...

Ասյա Կոստանյան

Friday, July 30, 2010

Վաղը գարուն է գալու... յոթ օր գարուն...

Բավակա´ն է ձեր տան կեղտերը թափեք պատուհաններից դուրս, մարդի´կ. դրսում նույնպես տներ կան` իմ տունն է: Բավակա´ն է ձեր տան հոգսերը թափեք պատուհաններից դուրս, մարդի´կ, դրսում առանց ձեզ էլ հոգսերը շատ են...

Դրսի յոթերորդ հարկի իմ տանը յոթ կատու է ապրում: Այնտեղ յոթ օր գիշեր է, յոթ օր` ...գարուն: Բավակա´ն է ձեր տան կեղտերը գիշերը թաքուն թափեք պատուհաններից դուրս, մարդի´կ, իմ գարունը նեղանում հեռանում է: Միայն կատուներս չեն հեռանում, մորթի չունեն ու չեն էլ մլավում: Նրանց մոտ կատվից միայն մաքրասիրությունն է մնացել... ձեր կեղտոտ կատուներին ձեր "մաքուր" տներում պահեք, մարդի´կ: Դրսի յոթերորդ հարկի իմ տանն արդեն յոթ օր գիշեր է: Այսօր ձեր "շաբաթօրյակի" վերջին օրն է, մարդի´կ: Վաղը գարուն է գալու... յոթ օր գարուն...

Ասյա Կոստանյան

Wednesday, June 2, 2010

Ճերմա~կ, ճերմա~կ... վարդագույն ծաղիկներ

Ուզում եմ իմ տան առջև վարդագույն ծաղիկներ աճեն` աշխարհը տեսնեմ վարդագույն ծաղիկների միջով... Ուզում եմ տանս դիմաց վարդագույն ծաղիկներ աճեն` ճերմա~կ, ճերմա~կ... վարդագույն ծաղիկներ: Ո՞վ է ասել, որ ծաղիկները չեն կարող միաժամանակ երկու գույնի լինել... Ուզում եմ ծաղիկներս բացարձակ ճերմակ ու բացարձակ վարդագույն լինեն:

Ուզում եմ չհավատալ նրան, ինչին հավատում են: Ուզում եմ լինել ոչ թե այն, ինչ պետք է լինեմ ճակատագրով, այլ այն, ինչ ուզում եմ լինել, քանզի իմ ընտրությունն է այն, ինչ ես կամ հիմա` իմ միակ ճակատագրական ընտրությունը:

Ուզում եմ, որ խոտը միշտ անձրևից հետո դարձող կանաչի պես կանաչ լինի, ուզում եմ, որ արևը այրի, ծակի... բայց լինի... Բայց ամենից շատ ուզում եմ, որ իմ տան առջև վարդագույն ծաղիկներ աճեն` աշխարհը տեսնեմ վարդագույն ծաղիկների միջով... Ուզում եմ տանս դիմաց վարդագույն ծաղիկներ աճեն` ճերմա~կ, ճերմա~կ... վարդագույն ծաղիկներ:

Ասյա Կոստանյան