Tuesday, December 27, 2022

Դեյ օֆֆ

Արի մի օր օֆֆ վերցնենք` ապրենք,
Լինենք անհոգ, սիրահարված, ոնց որ առաջ:
Ես սուրճ կեփեմ, որ ուղղակի բույրը շնչենք,
Որովհետև մենք սուրճ չէինք սիրում առաջ:

Արի մի օր օֆֆ վերցնենք, բայց չքնենք` ապրենք,
Դու կքայլես ոնց որ առաջ` արագ-արագ,
Ես էլ` քեզնով տարված, սիրահարված,
Առանց կոշիկ բարձրակրունկ, առանց մեյքափ,
Թեյ խմելու` ինչ-որ փոքրիկ սրճարանում կորած:

Ես առաջվա պես` ինտրովերտ մի քիչ,
Բայց թմրանյութի պես, ոնց որ առաջ,
Ինձ ամեն օր պետք ա քեզանից մի քիչ:

Որովհետև հիմա էլ` ոնց որ առաջ,
Թիթեռներ են ծոծրակիս նստում սառած,
Երբ մոտենում ես ինձ հետևից հանկարծ:

Որովհետև առաջվա պես ճյուղերի միջից
Երկինքն ավելի սիրուն ա նորից,
Ու մազերս բաճկոնիս տակից
Էլի հանում ես անկախ քեզանից:

Արի մի օր օֆֆ վերցնենք` ապրենք,
Լինենք անհոգ, սիրահարված, ոնց որ առաջ:
Ես սուրճ կեփեմ, որ ուղղակի բույրը շնչենք,
Որովհետև սուրճ չէինք սիրում մի քսան տարի առաջ...