Ու դու չգիտես ինչի համար արժե ապրել, բայց ուզում ես: Դու չգիտես ինչի համար արժե սիրել, բայց սիրում ես: Իսկ եթե դու ընդամենը ինչ-որ մի խենթի ծրագրավորած գործիքն ես, ապա ինչի՞ համար իրականում արժե գոյություն ունենալ:
Բայց եթե այդ խենթն իսկապես կա, ապա նա ճշմարիտ հանճար է, քանզի ստեղծել է քո աշխարհն այնպես, որ դու երբեք էլ հաստատ չբացահայտես նրա լինել կամ չլինելը` դարձնելով հավատը քո ընտրությունը: Չես վախենա ծրագրավորված լինելու մտքից` կհավատաս, կհանդգնես չհավատալ` կկորցնես իմաստն ամեն ինչում.... նա իսկական հանճար է, այդ խենթը...
Նա իսկական հանճար է, այդ խենթը, քանզի նվիրել է քեզ նոր կյանք ստեղծելու հաճույքը, որպեսզի մոռանաս ցավը, նա նվիրել է քեզ սիրված լինելու հրապուրանքը, որպեսզի մոռանաս ատելությունը.... նա տվել է քեզ խենթ լինելու ազատությունը, որպեսզի մոռանաս քո ստրկությունը... նա տվել է քեզ ապրելու անզուսպ ցանկությունը, որպեսզի մոռանաս մեռնելու գայթակղությունը:
Նա իսկական հանճար է, այդ խենթը, քանզի դու իսկապես չգիտես, թե ինչի համար արժե ապրել, բայց խելագարի պես ուզում ես...