Saturday, December 26, 2009

Դիպլոմն օժիտ տանելու հեռանկարով հայ կանանց թիվը կամ Ապագայի մարտահրավեր

Քվանտային մեխանիկայի տեսությանը համաձայն մարդու կյանքն իրենից ներկայացնում է անվերջ հնարավոր տարբերակներից ընդամենը հերթական մեկը: Փորձենք մի պահ պարզապես ընդունել այս դրույթը և հարցնենք ինքներս մեզ` ո՞րն է այդ հնարավոր տարբերակներից այն մեկը, որով կուզեինք ապրել հենց այս կյանքում, հենց այսօր, հենց այս վայրկյանին: Ես կարող էի հորինել լավ կյանքի բազմաթիվ հնարավոր տարբերակներ. կարելի էր օրինակ լինել միլիոնատեր ծնողների դուստր և երբեք չմտածել ուսման վարձ կուտակելու մասին, կարելի էր ծնվել եվրոպական զարգացած երկրներից որևէ մեկում և անցնել շատ ավելի հեշտ ճանապարհ, քան այսօրվա բազմաթիվ հայ երիատասարդները` թե չտանելով գենետիկորեն իմ մեջ ամրագրված ցեղասպանության զոհ լինելու փաստը և թե չկրելով զարգացող երկրի երիտասարդ սերնդի կին ներկայացուցիչ լինելու բեռը:

Հաճախ կյանքն իմ առջև պատկերվում է, որպես երկար միջանցք` բազմաթիվ դռներով երկու կողմերում: Ցանկացած պահին, որ ես միջանցքում եմ, ես կայացնում եմ որոշում. ո՞ր դուռն ընտրել հիմա:
Եւ մի՞թե իմ կյանքն իսկապես այս միջանցքը չէ: Եւ մի՞թե ես իսկապես ինքս չեմ ընտրում, թե որ դուռը բանալ և որ ուղով շարժվել առաջ: Ինչու՞ եմ ես ընտրել հենց այս ուղին, հենց այս դժվար ճանապարհը:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ACNIS) 2008 թվականի տվյալներով Հայատանում գործազուրկների 66%-ը կանայք են, բայց բարձրագույն ուսում ունեցող մարդկանց կեսից ավելին նույնպես կանայք են: Կարող ենք ենթադրություն անել, որ հայ կանանց մեծամասնության համար համալսարանի դիպլոմը իրենց կյանքի առաջին և վերջին ձեռքբերումն է, որից հետո նրանք անհետանում են հասարակական/քաղաքական ասպարեզից: Մինչդեռ բիոլոգիական հետազոտությունները ցույց են տալիս, որ բնությունը կանանց տղամարդկանցից շատ ավելի մեծ շանսեր է տալիս: Միջինում, աղջիկները շատ ավելի հազվադեպ են մահանում հիվանդություններից մանուկ հասակում, շատ ավելի արագ են մեծանում, ապրում են ավելի երկար և այլն: Եվ ինչու՞ մեզ տրված բոլոր հնարավորությունները չնկատելով` մենք, հայ կանայք, շարունակում ենք չհավատալ մեր ուժերին ու պարզապես ընդունել կյանքն այնպիսին, ինչպիսին այն կա:

Որպես հայ երիտասարդ կին ներկայացուցիչ` ես չեմ ցանկանում ավելացնել “դիպլոմը օժիտ տանելու հեռանկարով" հայ կանանց թիվը: Ես չեմ ցանկանում վարվել այս կամ այն կերպ միայն այն պատճառով, որ ինձ շրջապատող հասարակությունը դարեր շարունակ այդպես է վարվել: Եւ հենց այս ընդվզման ու ինչ-որ բան փոխելու հնարավորությունն է, որ դարձնում է իմ կյանքը շատ ավելի լիարժեք, ու իմ ճանապարհը` շատ ավելի հետաքրքիր:

Հաճախ ես ինքս էլ լրիվ չեմ պատկերացնում, թե ինչ է ինձ սպասվում այս կամ այն դուռը բացելու որոշումը կայացնելուց առաջ, բայց ես միշտ գիտեմ, որ ցանկացած դռան ետևում, որ ես բացում եմ, կանգնած է կին, որը կոչված է ոչ թե ապրելու աննկատ ու անհետաքրքիր կյանքով, այլ պայքարելու իր ուզած երջանկության համար: Ես գիտեմ, որ այդ դռների ետևում կանգնած է կին, որը նպատակ ունի ոչ թե ջնջելու իր միջից իր կանացիությունը` հանուն հաջողակ կարիերայի, այլ հավատարիմ մնալով իր բնությանը` գնալ առաջ իր աշխատասիրությամբ, համառությամբ ու հավատով, որը ոչ թե ապրում է իր ամուսնու կամ ծնողների ՀԱՇՎԻՆ, այլ իր ամուսնու, իր ծնողների ՀԵՏ ՄԻԱՍԻՆ` միասին հավատալով ու կերտելով այն, ինչին հավատում են: Այդ դռների ետևում կանգնած է կին, որը ոչ թե հրաժարվում է իր ապագա երեխաներից հանուն լավ աշխատանքի, այլ ստեղծում է ուղիներ` իր երեխաների համար ավելի ամուր ու երջանիկ ապագա կերտելու համար: Ինչ էլ որ սպասվի ինձ իմ ընտրած դռները բացելիս, դրանց ետևում անվիճելիորեն կանգնած է կին, որը երբեք չի ծախի իր ինքնասիրությունը, որպեսզի ինչ-որ մեկը գնի իր համար իր երևելի երջանիկ ապագան:

Եւ մի՞թե մեր բոլորի կյանքն իսկապես այս դռները չեն: Եւ մի՞թե դուք իսկապես ինքներդ չեք ընտրում, թե երբ դուրս գալ մի դռնից և փնտրել մեկ ուրիշը: Այո, դուք, դուք ինքներդ, և ոչ մի այլ ոք բացի ձեզանից:
Կյանքում լինում են պահեր, երբ թվում է, թե ելք չկա: Այս պահերը դժվար են, բայց բավական է բացել աչքերը և կարելի է պարզ տեսնել դուռը, որը միշտ բաց է մեզ համար, այդ նույն միջանցքը միշտ բաց է, մեր ապագան բաց է, մեր կյանքը բաց է մեզ համար… պետք է փնտրել ու գտնել… պետք է ստեղծել ուղիներ:

Երբեմն պատկերացնում եմ ինձ երեսուն, քառասուն տարի անց: Ո՞վ եմ ես լինելու այդ ժամանակ: Ասում են` ժամանակն անցնում է ակնթարթի պես: Ուրեմն իմ կյանքն էլ ակնթարթ է: Ով եմ ես լինելու երեսուն, քառասուն տարի հետո: Պատասխանը կախված է այն բանից, թե ինչ ես կանեմ հիմա, հենց այսօր, հենց այս վայրկյանին: Պատասխանը կախված է այն բանից, թե ո՞ր դռներով կշարժվեմ առաջ իմ կյանքի միջանցքով: Եթե մեզանից յուրաքանչյուրը գիտակցի, որ գործելու ժամանակը հենց հիմա է, որ վարանելու րոպե չկա, որ մեր երազած կյանքին հասնելու համար մենք պետք է գործենք հենց հիմա, ապա շատ-շատերը երեսուն, քառասուն տարի անց կզգան հենց այն, ինչ ուզում էին, կլինեն հենց այն մարդը, որին պատկերացնում էին երիտասարդ ժամանակ հայելու մեջ նայելիս, կապրեն հենց այն երկրում, որի մասի երազել են: Եթե մեզանից յուրաքանչյուրը գիտակցի, որ եթե մեզ դուր չի գալիս այն, ինչ ստացել ենք մեր կյանքի ճանապարհին այս կամ այն դուռը բացելիս, մենք կարող ենք դուրս գալ և ընտրել մեկ ուրիշը, մենք պետք է դուրս գանք, և փնտրենք, գտնենք, մենք պետք է ստեղծենք մեր ուզած դռները, մեր երազած ապագան: Եթե մեզանից յուրաքանչյուրը գիտակցի, որ եթե մեզ դուր չի գալիս մեր ներկան, մեր հիվանդ հասարակության չգրված օրենքները, ուրեմն մենք պետք է պայքարենք, պետք է ընդվզենք ու հակառակվենք, որովհետև ընդվզումն ու անհանդուրժողականությունն են այն հզոր ուժը, որն ընդունակ է ուղել հասարակության` հիվանդությունից ծռված մեջքը, որպեսզի այն հաստատուն քայլերով շարժվի առաջ: Որովհետև մենք ինքներս ենք որոշում, թե ինչպիսինը պետք է լինի մեր կյանքի ուղին, մենք ինքներս ենք կերտում մեր ներկան ու ապագան, անկախ այն բանից, թե քվանտային մեխանիկայի տեսության համաձայն կյաքնի հնարավոր տարբերակներից կոնկրետ որ մեկում ենք մենք ապրում հիմա:


Ասյա Կոստանյան

Thursday, October 15, 2009

"Էս յան-էն յան… Վահան Տերյան"

Հարցրու Հայաստանի քաղաքացիներին, թե ով է Վահան Տերյանը, և գրեթե բոլորը կպատասխանեն. “նշանավոր հայ բանաստեղծ”: Կընդունեն “ինտիլիգենտ” դեմքի արտահայտություն ու կարտաբերեն. “տաղանդավոր հայ բանաստեղծ”: Գրեթե բոլորը գիտեն…. մենք հարգում ենք մեր մշակույթը:

Հարցրու Հայաստանի քաղաքացիներին, թե ինչ է գրել Վահան Տերյանը, գրեթե բոլորը կպատասխանեն. “ՄԹՆՇԱՂԻ ԱՆՈՒՐՋՆԵՐ”… Գրեթե բոլորը գիտեն…. մենք կրթում ենք մեր սերունդներին:

Վահան Տերյանին մենք գիտենք, բայց գիտենք նաև, թե ինչ է խոսքի ազատությունը, և չենք ուզում բաց թողնել “սրամիտ հումոր” անելու հնարավորությունը “սուտի քաղաքավարիության” պատճառով ընկնելով “Էս յան-էն յան… Վահան Տերյան”:


Այս ամենից կարելի է անել մեկ ենթադրություն.
նշանավոր հայ բանաստեղծն ու հասարակական գործիչը դժվար թե “ցավար անցած գնացած օրերի համար”, եթե իմանար, թե ինչ է սպասվում ապագայում:


Ես ընկա անդունդները խավար,
Իմ ցնո՛րք, նորից քեզ եմ կանչում.
Մոռացա ուղիներըս պայծառ,
Իմ սրտում դառը մութն է շնչում
Վահան Տերյան



Ասյա Կոստանյան

Wednesday, August 12, 2009

Մարդիկ բաժանվում են, բաժանում...

Մարդիկ հետաքրքիր կերպով բաժանվում են երեք խմբի` մարդիկ, որոնք դուռը բացելուց առաջ հարցնում են "ո՞վ է", մարդիկ, որոնք առանց երկար-բարակ երկմտելու բացում են դուռն ու մարդիկ, որոնց բացարձակ չի հետաքրքրում այն փաստը, որ "դուռն է":

Մարդիկ փաստացի բաժանվում են երեք խմբի` մարդիկ, որոնց կյանքը անտանելի դժբախտ է, մարդիկ, որոնց կյանքը լիարժեք երջանիկ չէ և մարդիկ, որոնց թվում է, թե իրենց կյանքը լիարժեք երջանիկ է:

Մարդիկ անխուսափելիորեն բաժանվում են երեք խմբի` մարդիկ, որոնք հաստատ գիտեն միաժամանակ երկու պարզ իրականություն. առաջինը, որ ուզում են շատ փող ունենալ, և երկրորդը, որ երբեք չեն ունենա, մարդիկ որոնք հաստատ գիտեն, որ ուզում են շատ փող ունենալ, և մարդիկ, որոնք արդեն այնքան փող ունեն, որ... որ... դե որ անկասկած ուզում են ունենալ ավելին:

Մարդիկ անգիտակցաբար բաժանվում են երեք խմբի` մարդիկ, ում մտքով երբևէ չի անցնի ճաշի սեղանի շուրջ ճշտել այն հանգամանքը, թե արդյոք մեռելների եղունգները մահվանից հետո դեռ մի քանի ժամվա ընթացքում շարունակում են աճել, թե ոչ, մարդիկ, որոնց մտքով նման բան կանցնի և նրանք անմտածված կբավարարեն իրենց հետաքրքրասիրությունը, և մարդիկ, որոնց մտքով իհարկե նման բան կանցնի, բայց... "ամոթ է, չէ՞":

Մարդիկ... մարդիկ բաժանվում են, բաժանում են, հետո նորից են բաժանվում, ու չգիտես ինչու այդպես էլ չեն կարողանում գտնել իրենց տեղը: Չէ՞ որ ամեն բան այնքան պարզ է. բոլոր մարդիկ բաժանվում են երեք խմբի` մարդիկ, որոնք դուռը բացելուց առաջ հարցնում են "ո՞վ է", մարդիկ, որոնք առանց երկար-բարակ երկմտելու բացում են դուռն ու մարդիկ, որոնց բացարձակ չի հետաքրքրում այն փաստը, որ "դուռն է"...


Ասյա Կոստանյան

Ատելության ծնունդ շեդևր

Ատելությունը հաճախ վերածվում է տաղանդի... բայց ու՞մ է պետք վրեժխնդրության ծնունդ շեդևրը: Ատելությունը հաճախ վերածվում է հանճարի, բայց ու՞մ է պետք թշնամության ծնունդ գլուխգործոցը: Ատելությունը հաճախ չմոռացվող անունի է վերածվում, բայց ու՞մ է պետք, ու~մ է պետք հավերժ կատաղության ծնունդ անմահությունը:

Սովորական մահկանացուն հիանում է անմահ հանճարների ծնած զավակներով, բայց ու՞մ է պետք, ու~մ է պետք հերթական շեդևր ատելության ծնող լինելը...


Ասյա Կոստանյան

Friday, July 24, 2009

Սարյանի գունավոր երկիրն ու շփացած խելագարները

Քսանմեկ տարի առաջ Երևանի Մարգարյան հիվանդանոցում ես կարծում էի, որ ծնվել եմ Սարյանի գունավոր երկրում: Ինձ թվում էր` Սևակի ափի մեջ ստեղծված երկրում ինձ մեծ ապագա է սպասվում, ու Մամիկոնյան ոգին արդեն վառվում էր իմ մեջ:

Քսանմեկ տարի առաջ ես չէի կարծում, որ 21-րդ դարի սկզբին հայ երիտասարդի զբաղմունքը կլինի 8888 կարճ համարին "MRUT" բառն ուղարկելը և մինչ պատասխան ստանալը "Պաշի շփացած խելագարություններին" հետևելը: Այն ժամանակ ես չէի մտածի, որ ծնվել եմ մի երկրում, որտեղ 21 տարի անց Պետական Համալսարանն իր ուսանողների 90%-ին կզիջի այլ ուսումնական հաստատություններին` հավատեցնելով, որ ուսանողների կրթական մակարդակի "կտրուկ անկումը" ոչ այլ ինչ է, քան "մութ ու ցուրտ" տարիներին ծնված լինելու արդյունք:
Մութ ու ցուրտ տարիներն անցել են, հիմա լուսավոր է և շոգ, բայց 20 տարի առաջ ցրտի ու մթի մեջ գիրք կարդացածների հետ կարելի է խոսել Չարենցի, Նարեկացու, Փարաջանովի նման հանճարների մասին, ուստի այժմյան "բարենպաստ" պայմանները կարծես այդքան էլ լավ չեն անդրադառնում մեր երիտասարդության մտավոր ունակությունների վրա:

Քսանմեկ տարի առաջ Երևանի Մարգարյան հիվանդանոցում ես կարծում էի, որ ծնվել եմ Սարյանի գունավոր երկրում: Ինձ թվում էր` Սևակի ափի մեջ ստեղծված երկրում ինձ մեծ ապագա է սպասվում, ու Մամիկոնյան ոգին արդեն վառվում էր իմ մեջ: Եվ եթե իմ պատկերացրած երկիրն ընդամենը մի ինչ-որ 21 տարիների ընթացքում հասցրեց այսքան հեռվանալ իմ սպասելիքներից, ես երկար կմտածեմ, նախքան երկրորդ անգամ իմ կյանքում ծննդատուն այցելելը:


Ասյա Կոստանյան

Saturday, July 11, 2009

Մեղավոր աշխարհի անմեղ-մեղավորներ

Երբ երկրի վրա մարել են արեւները եւ երկնքում չկան աղավնիներ... ինչու՞ են մարդիկ փնտրում մեղավորներ: Որովհետեւ ավելի հեշտ է հավատալը, որ բոլոր տանջանքների ու աղետների մեղավորը մեկ ուրի՞շն է... բայց մի՞թե այդ տանջանքների միջով անցնելիս ընդունակ ես մտածել, թե ով է իրականում մեղավորը, եւ կամ արդյո՞ք դա կարեւոր է... եթե միայն մեղավորները կարողանային ինչ-որ բան փոխել...

Երբ սիրելիի աչքերում մարում է կրակը եւ ամենաթանկագին մաշկի բուրմունքն այլեւս չի նվիրում սեր... ինչու՞ են մարդիկ փնտրում մեղավորներ: Որովհետեւ այնքան անթերի են, որ առանց չար ուժերի ընդունա՞կ չեն դավաճանելու իրենք իրենց` իրենց սիրուն ու երազանքներին: Որովհետեւ մարդկանց հոգին այնքան մաքուր է, որ առանց կողմնակի բացասական ազդեցության չի՞ կարող մեկին, ում իր հոգի էր անվանել դուրս շպրտել իր սրտից... Ո՞վ է մեղավոր... Ախ, եթե միայն այդ մեղավորը կարողանար ինչ-որ բան փոխել...

Երբ սիրած ու փայփայած ծաղիկները հանկարծ մի օր թոշնում են եւ իրենց սնող հողին մնում են միայն դիակներ... ինչու՞ է հողը փնտրում մեղավորներ: Որովհետեւ դժվա՞ր է ընդունելը, որ ինքն է իր երբեմնի անուշադրությամբ պատճառ հանդիսացել իր իսկ դժբախտության:

Երբ վերջանում է նկարչի վերջին կաթիլ ներկը եւ թղթի ճերմակ մաշկը գունազարդվում է արյան կարմիրով, ինչո՞վ է թուղթը մեղավոր, որ մարդ արարածը այլ տարբերակ չի գտել արտահայտելու եւ ազատվելու իր ցավից, բացի մեկ այլ ցավ ստեղծելը: Եւ ո՞վ է այստեղ ում մեղադրում` թուղթը նկարչի՞ն, նկարիչն իր բախտի՞ն, թե… բախտը նկարչի՞ն: Գուցե այս արյունոտ ձեռքե՞րն են ամեն ինչում մեղավոր... Մեղավոր աշխարհի մեղավոր արյունով շաղախված այս անօգնական ձեռքերը…
Ախ... եթե միայն այս ձեռքերը կարողանային գոնե ինչ-որ բան փոխել...


Ասյա Կոստանյան

Իմ հարազա˜տ գյուղ` ի˜մ Երևան

Ո˜չ, մեր գյուղում կովեր չեն արածում, թեև դեռ մի քանի տարի առաջ Երևանի Թումանյանի այգում կարելի էր տեսնել իրենց կովերին արածեցնող հովիվների: Այժմ մեր գյուղում կովերի փոխարեն մերսեդեսներ են, որոնց վարորդներն էլ` նախկին գյուղերի նույն հովիվները:
Ո˜չ, մեր գյուղում ոչխարներ չկան, դրանց փոխարեն իրենց տերերի բարգավաճության հույսին ապրող շներ են` գամփռներից մինչև փոքրիկ շնիկներ, որոնց վզկապներն իրենց տերերի` նախկին գյուղացիների, մեկ տարվա ապրուստից էլ թանկ արժեն:
Ո˜չ, մեր գյուղացիները հիմա գոմերում նախաճաշ չեն անում, փոխարենը գնում են «Ջազվե», որովհետև այնտեղ «մասսա»-ն ուրիշ է` «կարգին» է, որովհետև հարևան գյուղացիների մոտ ինչպե՞ս կլինի թե չասեն. «Էն օրը Ջազվեում նստած էինք...»:
Ո˜չ, մեր գյուղի տղամարդիկ արդեն վաղուց է, ինչ քրքրված տրեխներ չեն կրում: Փոխարենը` նորաձև պլպլան ծիծակ-կոշիկներ:
Ո˜չ, մեր գյուղացիներն էշերի վրա գյուղի մի հատվածից մյուսը քարշ չեն գալիս` գյուղի վերջին լուրերը փոխանցելու կամ էլ ստանալու համար: Փոխարենը` զանգում են բջջայիններից: Իսկ մեր գյուղի ամենաթեժ նորությունները ոչ թե բերքի ցրտահարումն է, այլ` «բա քո հեռախոսը BlueTooth ունի՞» կամ «բա քո պապան ի՞նչ գործ ա անում որ...»:
Ո˜չ, մեր գյուղի կանայք պատառոտված ու հնաոճ լաթեր չեն կրում` փոխարենը ճչացող կանաչ ու դեղին ատլասե «էլիտար» հագուստներ, որոնց նպատակը մարմնի ամենաճարպակալած ու յուղոտ հատվածները մերկացնելն է:
Չէ˜, իմ հարազատ Երևան, քո գյուղացիների երեխաները հիմա բակում բադերի հետ խաղ չեն անում, փոխարենը գնում են ինտերնետ ակումբներ, գրավատներ, կամ էլ «պոյեզդի գծերի վրա» միմյանց հետ հարցեր պարզելու:
Այո˜, մեր գյուղը շատ է զարգացել, հիմա մեր կանայք գեղեցկության սրահները նախընտրում են աշխատանքին, «ժուռնալները»` գրքերին, իսկ ֆինանսական ապահովությունը` սիրուն: Մեր գյուղապետերն ապրում են էլիտար Հյուսիսային Պողոտայի ամենաէլիտար բնակարաններում` մեկ ժամվա համար վճարելով ավելին, քան հասարակ գյուղացու ամսեկան ապրուստի ծախսն է:
Մեր գյուղապետերն այցելում են ամենաէլիտար ռեստորաններն ու բարերը, եւ իրենց «քաղաքացի» զգում...


Ա˜խ, Հայաստա՛ն աշխարհ, անգամ մայրաքաղաքդ քաղաք չէ, ուզում ես երկիրդ երկի՞ր լինի:

Ասյա Կոստանյան

Նրա համն ու հոտը

Նրա հոգուց խոնավության հոտ է գալիս ու արտահայտվում աչքերի մեջ: Իր հոգուց դատարկության անհատակ հոտ է գալիս... նա զգում է: Հետաքրքիր է` միթե՞ աշխարհը չի զգում: Նրա աչքերը սովորել են ամեն բան ջրի միջով տեսնել, ուզում է հավատալ, որ ծովաջրի... այդպես ավելի գեղեցիկ է` առավել ևս, որ այդ ջուրը նույն աղիությունն ունի: Իր սիրտն օդի գույն է ստացել` օդի նույն անգույնությունը... ուզում է գոնե հավատալ, որ մաքուր լեռնային օդի` այդպես ավելի ազատ է ստացվում շնչելը:

Ամեն բան կարծես այդքան էլ վատ չէ` ոչ ծովի ծփծփան ջրերն ու ոչ էլ լեռնային թափանցիկ օդը, բայց այդ խոնավության հոտն առնելը խեղդվելու չափ անտանելի է դարձել: Գուցե՞ նրանից է, որ անգույնությունը կարմիրի հետ այդքան էլ լավ չի խոսում` այս երկու գույների միջև չափից դուրս շատ է կոնտրաստը: Եթե գոնե մի փոքր ավելի նկատելի տարբերություն լիներ ծովաջրի ու իր արցունքների աղայնության աստիճանի միջև... Իր շրթունքներից աղի համ է գալիս: Միթե՞ աշխարհը չի զգում...

--------------------------------------------------------
Բոլոր նրանց, ում զգացմունքների վրա ուշադրություն դարձնելու ժամանակ ու ցանկություն չունի ոչ ոք` անգամ աշխարհը:

Ասյա Կոստանյան

Բարի ախորժակ

Մարդը կշտանալ չգիտի՞: Գիտի՜... Պարզապես կշտանալուց հետո էլ ուտելը չի դադարում, ավելին` շարունակում է ավելի մեծ եռանդով, ոգեւորությամբ` ինքն իրեն հավատեցնելով, որ վաղուց է, ինչ այսքան սոված չէր եղել: Եւ օրգանիզմը սովորում է անվերջ խժռել ամեն բան, որ ուտելի է, որ հնարավոր է մարսել, իսկ հետո` նույնիսկ այն ամենը, ինչ մարսելու էլ ընդունակ չէ, իսկ դրանից հետո էլ, չնկատելով կերակրատեսակի "չնչին" փոփոխությունները, սկսում է կլանել ամենքին, ավելի ու ավելի սովածանալով, չնկատելով գիրանալու ակնհայտ գործընթացը` դժգոհել հիվանդագին նիհարության ու հյուծվածության հետեւանքներից, որոնք ըստ ամենայնի "ստամոքսի վատ աշխատանքի պատճառ են": Մարսողական համակարգի խանգարու՞մ:
Գուցե մարդու օրգանիզմը ոչ ամեն ինչ է կարող ընդունել, ու ցավոք... մենք ինքներս էլ չենք նկատում թե ինչքան կեղտոտ բեռ ենք երբեմն վերցնում մեր ուսերին, ու ուզում ենք մարսել` հույս ունենալով, որ բոլոր արգասիքներն իրենց բնական ճանապարհով կլքեն մեզ... Երեւի այդպես էլ կա, բայց ինչու՞ ինչ-որ բան գիշերը հանգիստ քնել չի տալիս: Կրկին ստամոքսային խնդիրներ...

Գուցե միակ կշտանալու ճանապարհն ամենն ու ամենին խժռե՞լն է: Գուցե երբ այլեւս ոչինչ ու ոչ ոք չմնա, մարդու օրգանիզմը անելանելիությունից կհանգստանա՞:

Բայց երբ տիեզերքը կկլանի ու կհալեցնի իր մեջ մարդկության վերջին մնացորդները` ու՞մ հետաքրքիր կլինի թե ով եւ ինչքան հասցրեց ուտել: Եւ մի՞թե այս ամենի վերջը չափազանց անիմաստ չէ` ստամոքսը հերթական անգամ ծանրաբեռնելու համար...

Ասյա Կոստանյան

Բարև, ես եմ

Հաճախ մեզանից շատերի մոտ ցանկություն է առաջանում ամուր սեղմել մի ինչ-որ հարազատ դռան բռնակ, քայլել մի ինչ-որ հարազատ սենյակի խոնավությունից ճռճռացող հատակով ու ասել "Բարև, ես եմ: Քո կարիքն ունեմ:"
Այնքան հաճախ մեզանից շատ շատերի մոտ մի անզուսպ ցանկություն է առաջանում վերցնել հեռախոսի փողը, մատների ավտոմատ շարժումներով հավաքել մի ինչ-որ հարազատ, արդեն ենթագիտակցաբար անգիր արված համար ու ասել "Բարև, ես եմ: Քո կարիքն ունեմ:"
Ու՞մ դիմել, եթե չկա հարազատ դուռ, եթե չկան անգիր արված համարներ, եթե չկա ոչ ոք, բացի մանկատան գուցե վերանորոգված, բայց նույն սառն ու դատարկ պատերից:
Ու՞մ դիմել, ու՞մ ասել պարզապես "Բարև, ես եմ:"

Ես կարող եմ լինել մեկը, ում նրանք կարող են դիմել: Ես կարող եմ հորինել հարազատ մի դուռ, որը միշտ սպասում է, որպեսզի նրանք բացեն այն: Ես կարող եմ հորինել մի սենյակ, որի խոնավությունից ճռճռացող հատակով նրանք հանգիստ կարող են քայլել ու... ու պարզապես ասել "Բարև, ես եմ:" Ես կարող եմ լսել նրանց, ես կարող եմ բարևին բարև տալ: Եվ մի՞թե դա դժվար է: Դու նույնպես կարող ես: Մենք բոլորս կարող ենք հորինել ինչ-որ մեկի համար այնքան հարազատ ու սպասված մի դուռ, մի սենյակ, մի հատակ, մի կյանք, մի ապագա...
Մենք կարող ենք օգնել նրանց հորինել և կառուցել իրենց երջանիկ ապագան: Մենք կարող ենք լինել մեկը, ում մանկատան սպիտակ պատերից այն կողմ ինչ-որ մեկի բարակ ու անօգնական ձայնը կարող է ասել "Բարև, ես եմ: Քո կարիքն ունեմ:"

Ասյա Կոստանյան

Անձնագրային բաժին կամ չգրված օրենքներ

ՀՀ մայրաքաղաք Երևան քաղաքի Աջափնյակ համայնքի անձնագրային բաժնի երկար, մութ ու հնացած միջանցքը տանում է դեպի նույնպիսի մի սենյակ, որի աշխատողները նույնիսկ ավելի "մութ ու հնացած են" քան սենյակն ինքը:

Բայց նրանք այդ չգիտեն:

Հակառակը, նրանց կարծիքով իրենց դիմաց կանգնած կոկիկ ու կուլտուրական մարդիկ են մի քանի աստիճան ցածր սոցիալական, մարդկային, մտավոր և էլի շատ ու շատ հատկանիշներով: Ուստի նրանք կարող են առանց դժգոհելու սպասել, մինչև իրենք կգտնեն "Այսիչյան Այնինչի" հնությունից դեղնած թղթակույտի մեջ մոլորված անձնական գործերը: Այս մարդիկ իհարկե համբերատար կսպասեն, մինչև Աջափնյակ համայնքի անձնագրային բաժնի մութ ու հնացած սենյակներից մեկի երկու կին աշխատողները նույնպիսի համբերատարությամբ, առանց շտապելու(ու՞ր շտապել, գործի դիմաց ստանում են նույն կայուն եկամուտը, շտապեցնող չկա, գործերի ընթացքին հետևողներ նույնպես) հատիկ-հատիկ կվերանայեն հսկայական թղթակույտի ամեն մի հատիկ թուղթը: Մինչդեռ հաճախորդները ստիպված կլինեն կանգնել ու սպասել, քանի որ Աջափնյակ համայնքի անձնագրային բաժնի բյուջեն թույլ չի տալիս սենյակում մեկից ավել աթոռ տեղադրել:

-Ալո, շե՞ֆ: Չէ շեֆ ջան "Այսիչյան Այնինչ" չունենք ցավդ տանեմ: Չկա:
-Վայ, Լառա, էս բլանկից մի հատ ա մնացել: Դե հարգելիներս, ձեզ քսեռոքսի չուղարկեմ...(և որքան հմտացած են նրանք կաշառք ստանալու ակնկալիքով ձևական ու անտեղի "լավություն ձևակերպելուն": Երևի ՀՀ օրենսգրքի մի ինչ-որ մեզ անծանոթ կետում այնուամենայնիվ նշված է, որ հաճախորդն ինքը պետք է հոգա բոլոր անհրաժեշտ բլանկների պատճենահանման կարիքները)... մի քիչ սպասեք մինչև բլանկը բերեն:

...

-Վերջ, այսքանով վերջացրեցինք:

Եւ երբ ճռճռացող դուռն արդեն պատրաստվում է բացվել ու հոգնած, նյարդայնացած հաճախորդնեն ուր որ է հանգիստ շունչ կքաշեն...
- Միայն թե մի փոքր վճարում կատարեք, քանի որ ես այս բոլոր բլանկները գնում եմ...(Աստված իմ, այդ ո՞ր օրվանից է պետական կառույցի աշխատողն ինքն իր գրպանից գումար ծախսում բլանկ գնելու վրա...)
-Այո, իհարկե, իսկ... որքա՞ն պետք է վճարենք:
-Դե... որքան որ ցանկանում եք(Հայոց ժողովուրդ, մենք ապրում ենք դրախտում` ինքներս էլ չգիտակցելով այդ: Մենք կարող ենք ինքներս որոշել գնվելիք ապրանքի գինը և վճարել դրա դիմաց "որքան ցանկանում ենք": Միայն թե արդյո՞ք ավելի նախընտրելի չէ ապրանքի դիմաց վճարել շուկայական գներով, և ոչ թե օրինակ մեր իսկ ցանկությամբ 3000-5000 դրամ մի քանի հնությունից դեղնած բլանկների, տանելի մակարդակից անհամեմատ ցածր սպասարկման և թանկարժեք ժամանակի անտեղի կորստի համար):

Ասյա Կոստանյան

Ես էլ` մարդ

Մարդիկ ցնցուղ են ընդունում` հուսալով, որ ջուրը երկրի ընդերքը կտանի ու կկորցնի իրենց ցավերը: Ես էլ մարդկանց պես... Ու քանի դեռ չի լռել հոսող ջրի ձայնը, քանի դեռ մաշկի վրա զգացվում են կաթիլների անխնա հարվածները, քանի դեռ շնչում են ջրի գոլորշին ու արտաշնչում իրենց տանջող մտքերով ողողված ածխաթթու գազ, մարդկանց թվում է`ոչինչ չի եղել, ամեն բան անցյալում է, ամեն բան գնաց... մոռացվեց... հեռացավ... Ու մարդիկ բարձրացնում են գլուխը, փակում են աչքերը, ու սպասում... սպասում են մինչեւ ջրի վերջին կաթիլը կընկնի երկնքից իրենց երեսին, կտանի իր հետ վերջին մնացած հոգեւոր կեղտը... հետո բացում են աչքերն ու քայլում, քայլում` ...թողնելով իրենց հետքերով ջրի կողմից գրվող պատմությունները: Ջուրը գրում է իրենց ցավերն ու տանջանքները, գրում է իրենց կյանքը, գրում ու բերում իրենց հետեւից, բերում է մինչեւ կրունկների ամենածայրն ու բարձրացնում ամբողջ մարմնով վերեւ, մինչեւ մի քանի րոպե առաջ փակ ու երջանիկ աչքերը... ու լցվում աչքերի մեջ... ու մարդիկ նայում են հայելու մեջ, նայում իրենց աչքերի մեջ ու հասկանում են... որ ամեն բան նույնն է, ոչինչ էլ չի փոխվել, ոչինչ անցյալում չէ, ամեն բան մնաց իր տեղում... չմոռացվեց... չհեռացավ...
Այդ ժամանակ չէ՞, որ մարդիկ մարդ լինել չեն ուզում... երբ բույս լինելն ավելի երանելի է թվում քան մարդ արարած լինելը... կամ էլ պարզապես ոչինչ էլ չլինելը, ուղակի չլինելը...
Մարդիկ խեխղդվում են իրենց մտքերի ու մազերից վար թափվող ջրի մեջ... ու ոչինչ չեն անում: Մարդիկ անխուսափելիությունից վերջիվերջո սառում են, քարանում, մտքերով նետվում մի ինչ-որ հեռու տեղ` ուր արդեն եղել են շատ անգամներ, ուր ամեն բան կրկին նույնն է, ուր կրկին ոչինչ էլ չի փոխվել... ու ես... ես էլ կրկին մարդկանց պես...
Ու մենք բոլորս անում ենք նույնը, զգում ենք նույնը, ու ոչինչ դրա հետ անել չենք կարող: Այս ամենն ունի մեկ պարզ բացատրություն` մեզ ստեղծել են այսքան տարբեր, բայց այսքան նման միմյանց, այսքան հզոր ու այսքան խղճուկ... մեզ ստեղծել են չգիտես ինչպես եւ որն ավելի կարեւոր է` չգիտես թե ինչու: Ու թվում է` քանի դեռ մենք չգիտենք այս անսահման հարցերի պատասխանները, մենք շարունակելու ենք անվերջ նայել վերեւ, փակել աչքերն ու խեղդվել մեր մազերից վար հոսող ջրի կաթիլների մեջ...

Ասյա Կոստանյան