Thursday, February 11, 2021

Լաքայոտը

Գրողը տարած պատերազմի հոտը մնաց իր անկողնում, մտավ իր բարձերի ու վերմակների մեջ, ու ինչքան էլ լվանար` չէր հեռանում: Պատերազմից հետո սկսեց ամեն բան անընդհատ լվանալ, լվանալ, լվանալ` սպասելով որ հետքերը կանցնեն, ինքն էլ կլավանա, բայց գրողը տարած պատերազմի հետքերը չանցան, մնացին... ինքն էլ չլավացավ:

Լվանում ու փռում էր ամեն օր, լվանում ու փռում, բայց երեկոյան քնելիս էլի պատերազմի հոտն էր առնում, զարթնում էր՝ հոգնած, ու սկսում լվանալ նորից: Նայում էր լվացքի մեքենայի պտույտներին ու ուզում էր ինքն էլ այ էդպես չզմվեր, քամվեր, որ մեջից մաքրեր հաներ կյանքի կեղտոտ երկու ամիսները, բայց դե ինչքան էլ չզմվեր` ոչինչ չէր փոխվում:

Լինու՞մ են չէ լաքաներ, որ երբեք էլ չեն անցնի, պիտի կամ հարմարվես, կամ շպրտես այն, ինչ արդեն լաքայոտ է... Իսկ եթե էդ կեղտոտ լաքայոտը հենց դու ես ու մի քիչ էլ կամքից թույլ ես` կհարմարվես: Կլվացվես անդադար, կճզմվես, կքամվես, կխենթանաս, ու կհարմարվես:

Պատերազմի հոտն էլ երբեք չի անցնի: Կմնա ու կապրի քեզ հետ, դու էլ նրա հետ` հարմարված: