Քվանտային մեխանիկայի տեսությանը համաձայն մարդու կյանքն իրենից ներկայացնում է անվերջ հնարավոր տարբերակներից ընդամենը հերթական մեկը: Փորձենք մի պահ պարզապես ընդունել այս դրույթը և հարցնենք ինքներս մեզ` ո՞րն է այդ հնարավոր տարբերակներից այն մեկը, որով կուզեինք ապրել հենց այս կյանքում, հենց այսօր, հենց այս վայրկյանին: Ես կարող էի հորինել լավ կյանքի բազմաթիվ հնարավոր տարբերակներ. կարելի էր օրինակ լինել միլիոնատեր ծնողների դուստր և երբեք չմտածել ուսման վարձ կուտակելու մասին, կարելի էր ծնվել եվրոպական զարգացած երկրներից որևէ մեկում և անցնել շատ ավելի հեշտ ճանապարհ, քան այսօրվա բազմաթիվ հայ երիատասարդները` թե չտանելով գենետիկորեն իմ մեջ ամրագրված ցեղասպանության զոհ լինելու փաստը և թե չկրելով զարգացող երկրի երիտասարդ սերնդի կին ներկայացուցիչ լինելու բեռը:
Հաճախ կյանքն իմ առջև պատկերվում է, որպես երկար միջանցք` բազմաթիվ դռներով երկու կողմերում: Ցանկացած պահին, որ ես միջանցքում եմ, ես կայացնում եմ որոշում. ո՞ր դուռն ընտրել հիմա:
Եւ մի՞թե իմ կյանքն իսկապես այս միջանցքը չէ: Եւ մի՞թե ես իսկապես ինքս չեմ ընտրում, թե որ դուռը բանալ և որ ուղով շարժվել առաջ: Ինչու՞ եմ ես ընտրել հենց այս ուղին, հենց այս դժվար ճանապարհը:
Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ACNIS) 2008 թվականի տվյալներով Հայատանում գործազուրկների 66%-ը կանայք են, բայց բարձրագույն ուսում ունեցող մարդկանց կեսից ավելին նույնպես կանայք են: Կարող ենք ենթադրություն անել, որ հայ կանանց մեծամասնության համար համալսարանի դիպլոմը իրենց կյանքի առաջին և վերջին ձեռքբերումն է, որից հետո նրանք անհետանում են հասարակական/քաղաքական ասպարեզից: Մինչդեռ բիոլոգիական հետազոտությունները ցույց են տալիս, որ բնությունը կանանց տղամարդկանցից շատ ավելի մեծ շանսեր է տալիս: Միջինում, աղջիկները շատ ավելի հազվադեպ են մահանում հիվանդություններից մանուկ հասակում, շատ ավելի արագ են մեծանում, ապրում են ավելի երկար և այլն: Եվ ինչու՞ մեզ տրված բոլոր հնարավորությունները չնկատելով` մենք, հայ կանայք, շարունակում ենք չհավատալ մեր ուժերին ու պարզապես ընդունել կյանքն այնպիսին, ինչպիսին այն կա:
Որպես հայ երիտասարդ կին ներկայացուցիչ` ես չեմ ցանկանում ավելացնել “դիպլոմը օժիտ տանելու հեռանկարով" հայ կանանց թիվը: Ես չեմ ցանկանում վարվել այս կամ այն կերպ միայն այն պատճառով, որ ինձ շրջապատող հասարակությունը դարեր շարունակ այդպես է վարվել: Եւ հենց այս ընդվզման ու ինչ-որ բան փոխելու հնարավորությունն է, որ դարձնում է իմ կյանքը շատ ավելի լիարժեք, ու իմ ճանապարհը` շատ ավելի հետաքրքիր:
Հաճախ ես ինքս էլ լրիվ չեմ պատկերացնում, թե ինչ է ինձ սպասվում այս կամ այն դուռը բացելու որոշումը կայացնելուց առաջ, բայց ես միշտ գիտեմ, որ ցանկացած դռան ետևում, որ ես բացում եմ, կանգնած է կին, որը կոչված է ոչ թե ապրելու աննկատ ու անհետաքրքիր կյանքով, այլ պայքարելու իր ուզած երջանկության համար: Ես գիտեմ, որ այդ դռների ետևում կանգնած է կին, որը նպատակ ունի ոչ թե ջնջելու իր միջից իր կանացիությունը` հանուն հաջողակ կարիերայի, այլ հավատարիմ մնալով իր բնությանը` գնալ առաջ իր աշխատասիրությամբ, համառությամբ ու հավատով, որը ոչ թե ապրում է իր ամուսնու կամ ծնողների ՀԱՇՎԻՆ, այլ իր ամուսնու, իր ծնողների ՀԵՏ ՄԻԱՍԻՆ` միասին հավատալով ու կերտելով այն, ինչին հավատում են: Այդ դռների ետևում կանգնած է կին, որը ոչ թե հրաժարվում է իր ապագա երեխաներից հանուն լավ աշխատանքի, այլ ստեղծում է ուղիներ` իր երեխաների համար ավելի ամուր ու երջանիկ ապագա կերտելու համար: Ինչ էլ որ սպասվի ինձ իմ ընտրած դռները բացելիս, դրանց ետևում անվիճելիորեն կանգնած է կին, որը երբեք չի ծախի իր ինքնասիրությունը, որպեսզի ինչ-որ մեկը գնի իր համար իր երևելի երջանիկ ապագան:
Եւ մի՞թե մեր բոլորի կյանքն իսկապես այս դռները չեն: Եւ մի՞թե դուք իսկապես ինքներդ չեք ընտրում, թե երբ դուրս գալ մի դռնից և փնտրել մեկ ուրիշը: Այո, դուք, դուք ինքներդ, և ոչ մի այլ ոք բացի ձեզանից:
Կյանքում լինում են պահեր, երբ թվում է, թե ելք չկա: Այս պահերը դժվար են, բայց բավական է բացել աչքերը և կարելի է պարզ տեսնել դուռը, որը միշտ բաց է մեզ համար, այդ նույն միջանցքը միշտ բաց է, մեր ապագան բաց է, մեր կյանքը բաց է մեզ համար… պետք է փնտրել ու գտնել… պետք է ստեղծել ուղիներ:
Երբեմն պատկերացնում եմ ինձ երեսուն, քառասուն տարի անց: Ո՞վ եմ ես լինելու այդ ժամանակ: Ասում են` ժամանակն անցնում է ակնթարթի պես: Ուրեմն իմ կյանքն էլ ակնթարթ է: Ով եմ ես լինելու երեսուն, քառասուն տարի հետո: Պատասխանը կախված է այն բանից, թե ինչ ես կանեմ հիմա, հենց այսօր, հենց այս վայրկյանին: Պատասխանը կախված է այն բանից, թե ո՞ր դռներով կշարժվեմ առաջ իմ կյանքի միջանցքով: Եթե մեզանից յուրաքանչյուրը գիտակցի, որ գործելու ժամանակը հենց հիմա է, որ վարանելու րոպե չկա, որ մեր երազած կյանքին հասնելու համար մենք պետք է գործենք հենց հիմա, ապա շատ-շատերը երեսուն, քառասուն տարի անց կզգան հենց այն, ինչ ուզում էին, կլինեն հենց այն մարդը, որին պատկերացնում էին երիտասարդ ժամանակ հայելու մեջ նայելիս, կապրեն հենց այն երկրում, որի մասի երազել են: Եթե մեզանից յուրաքանչյուրը գիտակցի, որ եթե մեզ դուր չի գալիս այն, ինչ ստացել ենք մեր կյանքի ճանապարհին այս կամ այն դուռը բացելիս, մենք կարող ենք դուրս գալ և ընտրել մեկ ուրիշը, մենք պետք է դուրս գանք, և փնտրենք, գտնենք, մենք պետք է ստեղծենք մեր ուզած դռները, մեր երազած ապագան: Եթե մեզանից յուրաքանչյուրը գիտակցի, որ եթե մեզ դուր չի գալիս մեր ներկան, մեր հիվանդ հասարակության չգրված օրենքները, ուրեմն մենք պետք է պայքարենք, պետք է ընդվզենք ու հակառակվենք, որովհետև ընդվզումն ու անհանդուրժողականությունն են այն հզոր ուժը, որն ընդունակ է ուղել հասարակության` հիվանդությունից ծռված մեջքը, որպեսզի այն հաստատուն քայլերով շարժվի առաջ: Որովհետև մենք ինքներս ենք որոշում, թե ինչպիսինը պետք է լինի մեր կյանքի ուղին, մենք ինքներս ենք կերտում մեր ներկան ու ապագան, անկախ այն բանից, թե քվանտային մեխանիկայի տեսության համաձայն կյաքնի հնարավոր տարբերակներից կոնկրետ որ մեկում ենք մենք ապրում հիմա:
Ասյա Կոստանյան