Friday, July 30, 2010

Վաղը գարուն է գալու... յոթ օր գարուն...

Բավակա´ն է ձեր տան կեղտերը թափեք պատուհաններից դուրս, մարդի´կ. դրսում նույնպես տներ կան` իմ տունն է: Բավակա´ն է ձեր տան հոգսերը թափեք պատուհաններից դուրս, մարդի´կ, դրսում առանց ձեզ էլ հոգսերը շատ են...

Դրսի յոթերորդ հարկի իմ տանը յոթ կատու է ապրում: Այնտեղ յոթ օր գիշեր է, յոթ օր` ...գարուն: Բավակա´ն է ձեր տան կեղտերը գիշերը թաքուն թափեք պատուհաններից դուրս, մարդի´կ, իմ գարունը նեղանում հեռանում է: Միայն կատուներս չեն հեռանում, մորթի չունեն ու չեն էլ մլավում: Նրանց մոտ կատվից միայն մաքրասիրությունն է մնացել... ձեր կեղտոտ կատուներին ձեր "մաքուր" տներում պահեք, մարդի´կ: Դրսի յոթերորդ հարկի իմ տանն արդեն յոթ օր գիշեր է: Այսօր ձեր "շաբաթօրյակի" վերջին օրն է, մարդի´կ: Վաղը գարուն է գալու... յոթ օր գարուն...

Ասյա Կոստանյան