Նայում եմ դռան դիտանցքի միջով ու դիմացի դուռն եմ տեսնում միայն... կամաց-կամաց հանդիպակաց դռան նախշերն եմ տեսնում միայն... տեսնում եմ ու չեմ հավանում... չեմ հավանում, բայց նայում եմ կրկին, գիտե՞ս ինչու է այդպես:
Ինչե̃ր ասես, որ չի կարող անել հույսը, միայն դրա հորդորանքով ես կարող եմ չշտապել տհաճություն պատճառող նախշերից ազատվել` հուսալով, որ դիմացի դռան նախշերը շուտով կփոխես, կծածկես քեզանով... իսկ ես դեռ դռան դիտանցքի միջով նայելիս կլինեմ, նայելիս կլինեմ ու դիմացի դռան փոխարեն քո դեմքը կտեսնեմ... կամաց-կամաց հանդիպակաց դռան գարշելի նախշերի փոխարեն քո դեմքը կտեսնեմ ու կհավանեմ... կհավանեմ ու կնայեմ կրկին, ու դու գիտե΄ս... գիտե՞ս ինչու է այդպես...