Tuesday, November 9, 2010

Ատում եմ «շուտով»-ը, այն այնքան ուշ-ուշ է գալիս

Ատում եմ «շուտով»-ը, այն այնքան ուշ-ուշ է գալիս... Ուշ-ուշ է գալիս, ու միշտ էլ ուշացած: Ատում եմ ամեն բան, որ հնարավոր չէ չափել: Ի՞նչ է «շուտով»-ը` ինչ-որ հորինված, երևակայելի մի երևույթ, որ խոստացողի համար միշտ էլ ավելի հեռու է, քան սպասողի... այնքան ավելի հեռու...

Ատում եմ «շուտով»-ը, այն երբեք էլ չի գալիս, այն ընդամենը ժամանակն առաջ ձգելու միջոց է, կամքի ուժն ու համբերությունը չափելու դավաճան, արհեստական միջոց... «Կամքի ուժ»>-ն ու «համբերություն»-ն էլ եմ ատում, դրանք էլ «շուտով»-ի պես ինչ-որ ամպագորգոռ արհեստական բառեր են... որ այնքա~ն ուշ-ուշ են գնում, խրվում են սրտիդ մեջ ու չեն հեռանում, չեն սպառվում, համոզում են քեզ, որ «շուտով»-ը գալու է... գալու է շուտով... դավաճաններ...

Կարոտում եմ «շուտով»-ը, այն այնքան ուշ-ուշ է գալիս...

Ասյա Կոստանյան

No comments:

Post a Comment