Thursday, March 28, 2019

Խնդրում եմ, իմ աղջիկ

Իմ աղջիկ, խնդրում եմ, չապրես պարզապես գեղեցիկ լինելու համար: Չկա ավելի տգեղ բան, քան գեղեցիկ ու դատարկ կինը: Խնդրում եմ, իմ աղջիկ, չնայես ամեն պատահած հայելու ու ապակու մեջ` համոզվելու համար, որ գեղեցիկ ես: Դու գեղեցիկ ես: Չքայլես փողոցով` կարծես դու ես փողոցի ամբողջ ու միակ ուշադրության կենտրոնը` շրջվելով բոլոր խանութների պատուհաններին դեմքով... Դա ծիծաղելի է... Խնդրում եմ, իմ աղջիկ, չլինես այն դատարկախոս կանանցից, ովքեր ունեն բազմաթիվ ընկերուհիներ, բայց ոչ մի իրական ընկեր, ովքեր ունեն բազում գեղեցիկ զգեստներ, բայց ոչ մի իրական ձեռքբերում, ովքեր ունեն բազում խոսելու թեմաներ, բայց ոչ մի հատ` իրական ասելիք:

Չհպարտանաս քեզանով, իմ աղջիկ, միայն նրա համար, որ կունենաս լավ ամուսին: Չփնտրես տղամարդ, ում մեջքի հետևում դու պարզապես կլինես ապահով: Կգտնես ամուսին, ում կողքին դու կկարողանաս շողալ:

Երբեք չփորձես մարդկանց աչքը ծակել նրանով, որ կլինես ինչ-որ մեկից գեղեցիկ, կունենաս ինչ-որ մեկից ավելին: Թող մարդիկ տեսնեն, որ կլինես շատերից ավելի հոգատար ու սիրառատ, շատերից ավելի համեստ ու աշխատասեր: Ու փոխվեն: Ու դառնան ավելի հոգատար, սիրառատ, համեստ ու աշխատասեր: Գնահատիր ինքդ քեզ, բայց խնդրում եմ, եղիր համեստ, չկա ավելի տգեղ բան, քան գոռոզ ու ճչացող կինը:

Եղիր շնորհակալ, իմ աղջիկ, բոլոր նրանցից, ովքեր քեզ կխանգարեն: Նրանք են այն մարդիկ, ովքեր կբացեն քո առջև նոր հորիզոններ, նոր ձեռքբերումնեեր ու հնարավորություններ: Եղիր ազնիվ ու աշխատասեր, և անպայման կլինեն մարդիկ, ում դա դուր չի գա: Շնորհակալություն ասա նրանց, ու հաջողություն: Դու միշտ կլինես ավելի լավը, քան նրանք, ու միշտ կունենաս ավելին, քան նրանք: Երբեք չչարանաս ու չատես: Սերը գեղեցկացնում է կնոջը: Բայց հիշու՞մ ես չէ, երբեք չապրես պարզապես գեղեցիկ լինելու համար: Չկա ավելի տգեղ բան, քան գեղեցիկ ու դատարկ կինը:

No comments:

Post a Comment